Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն «ուսումնասիրում է իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը»


Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ուսումնասիրում է գալիք փետրվարի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունները:

«Տեր-Պետրոսյանը շատ լուրջ պետք է քննարկի բոլոր գործոնները քաղաքական, բոլոր ռեսուրսները` մինչեւ կարողանա որոշում ընդունել այդ ուղղությամբ», - նշեց Զուրաբյանը` շարունակելով. - «Կարեւոր են այլ քաղաքական ուժերի մոտեցումները: Եվ այդ ամենը պետք է ճշտել. ե’ւ ներքաղաքական առումով մեր հարաբերությունները, ե’ւ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան նման որոշման ընդունման համար»:

Հարցին, թե որքանով առաջին նախագահի որոշման վրա կարող է ազդել այլ քաղաքական ուժերի հնարավոր աջակցությունը նախագահի ընտրություններում, Զուրաբյանը պատասխանեց. - «Դա բնական է: Ցանկացած լուրջ թեկնածու, գնահատելով իր շանսերը որեւէ ընտրություններում, նաեւ կատարում է իր դաշնակիցների ինվենտարիզացիա: Բանակցում է, փորձում է հասկանալ, թե ինչ կոնֆիգուրացիայով կանցնեն ընտրությունները»:

Զուրաբյանը հավելեց, որ պաշտոնական բանակցություններ այդ հարցով առայժմ չեն ընթանում:

Կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչը հավելեց, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի եւ նրան սատարեն հիմնական քաղաքական ուժերը, ապա դա «հաղթող սցենար» կլինի: Ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ այդ ուժերից «Բարգավաճ Հայաստան»-ը սատարի Տեր-Պետրոսյանին, Զուրաբյանն ասաց, թե այդ հարցը պետք է ուղղել «Բարգավաճ Հայաստան»-ին:

«Այսօր պետք է մտածել, թե ինչպես համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել նրան, որ ընտրություններով ընդհանրապես Հայաստանում իշխանություն փոխվի: Այսօր այդ ճանապարհը փակ է: Հանրապետական կուսակցությունը իրեն հավերժորեն կարգել է իշխող ուժի դիրքում: Ահա սա է, որ պետք է ջարդել: Եվ, կարծում եմ, այդ ուղղությամբ հնարավոր է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հասկանում են այդ խնդրի կարեւորությունը», - նշեց Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մինչդեռ, չի շտապում բացել իր խաղաքարտերը: Կուսակցության խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե որոշման մասին կհայտարարեն «պատեհ պահին». - «Ես հիմա կանեմ շատ անսպասելի բացահայտում. հենց որ նրանք` մեզ վստահողները, մեր բնակիչները, մեր երկրի քաղաքացիները, կպատվիրեն մեզ հանդես գալ այդ որոշմամբ, մենք այդ պահին էլ այն կհայտարարենք»:

Հարկ է նշել, որ առայժմ որեւէ հրապարակային հայտարարություն առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ չի արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախագահական ընտրությունների կապակցությամբ վերջնական որոշումը կուսակցությունը կկայացնի առաջիկայում հրավիրվելիք արտակարգ Գերագույն ժողովում:

Դաշնակցությունը տրամադրված է ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, բայց եթե իրենց առաջարկած գաղափարների շուրջ համաձայնության գան այլ ուժերի հետ, ապա պատրաստ են սատարել նաեւ այլ թեկնածուի:

«Իրական մրցակցություն ապահովելու համար նախագահական ընտրություններում ակնհայտ է, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել ընդդիմադիր ընտրազանգվածը: Որ այսօր Սերժ Սարգսյանին չպաշտպանող ընտրազանգվածը 50 տոկոսից ավելի է, անգամ փաստում են այս անհաջող անցկացված Ազգային ժողովի ընտրությունները: Եվ ուրեմն կա դա դաշտ` քաղաքական առումով, որ պետք է աշխատեն բոլոր նրանք, ովքեր այս ռեժիմին, այս համակարգին դեմ են», - ասաց Ռուստամյանը:
XS
SM
MD
LG