Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի ղեկավարությանը


Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին երեկ ընդունել է երկրի նախագահ Միշել Սլեյմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը: Այս համատեքստում դեսպանը լիբանանյան կողմին Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակներում սերտ համագործակցության եւ շարունակական աջակցության համար:

Աշոտ Քոչարյանը Միշել Սլեյմանին ներկայացրել է նաեւ մանրամասներ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու վերաբերյալ: Դեսպանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Քոչարյանը ընդգծել է, որ շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ դատապարտել եւ խորը անհանգստություն են արտահայտել հունգարա - ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Բեյրութում` Հունգարիայի դեսպանության շենքի առջեւ:

Լիբանանի նախագահը ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը` հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:

Միշել Սլեյմանը խնդրել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակի կապակցությամբ:

Նույն օրը Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես, Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա - հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստի մասին եւ Նաբիհ Բըրրիին է փոխանցել այնտեղ ընդունված հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG