Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է 11 տարին աննախադեպ ահաբեկչության, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ցնցեց Միացյալ Նահանգները եւ ամբողջ աշխարհը` իր հետեւից թողնելով հազարավոր խեղված ճակատագրեր։

Ինքնաթիռները, որ մխրճվեցին նյույորքյան զույգ աշխատարկների եւ Պենտագոնի շենքի մեջ, սեւով պատեցին 9/11-ը հետագա բոլոր սերունդների համար։

Այսօր կրկին հազարավոր մարդիկ կհավաքվեն Նյու Յորքում` աշտարակների տեղում կառուցված հուշարձանի մոտ, որը իրենից մի մեծ ավազան է ներկայացնում` խորհրդանշելով անհատակ անդունդը, որ գոյացել է մարդկանց սրտում եւ շարունակաբար լցվում է ամերիկացիների եւ ահաբեկչությունը դատապարտող համայն աշխարհի վշտով եւ արտասուքով։

Ելույթ ունենալով այս ցավալի տարելիցի նախօրեին` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հարգել է զոհերի հիշատակը եւ շեշտել այն անձանց արժանիքները, ովքեր մեծ զոհողությունների են գնացել ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու համար։

Իր ավանդական կիրակնօրյա ուղերձում Օբաման երախտիքի խոսքեր է ուղղել նրանց, ովքեր մասնակցել են Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Փենսիլվանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքները վերացնելու գործին։

«Այս շաբաթ մենք նշում ենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 11-րդ տարելիցը։ Սա մի ժամանակ է, երբ հիշում ենք մոտ երեք հազար անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնց մենք կորցրեցինք, հիշում ենք այն ընտանիքներին, որոնք այդ կորուստը ունեցան։ Սա մի հնարավորություն է` պատվել այն մարդկանց արիությունը, ովքեր առաջինը արձագանքեցին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը այդ օրը եւ դրանից հետո շարունակում են վտանգել իրենց կյանքը յուրաքանչյուր օր։ Եվ սա մի հնարավորություն է` շնորհակալություն հայտնելու համազգեստով այն տղամարդկանց ու կանանց, որ ծառայեցին եւ զոհողության գնացին մեր երկիրը ապահով պահելու համար», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։

Բարաք Օբաման նաեւ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում` նշելով, թե դրանց շնորհիվ «Ալ-Ղաիդա»-ի հիմքերը սասանվել են, իսկ թիվ մեկ ահաբեկիչ համարվող Բին Լադենը այլեւս սպառնալիք չէ։

ԱՄՆ-ի նախագահը նաեւ շեշտել է` իրենց պայքարը ահաբեկչության դեմ ոչ մի կերպ չի կարելի կապել իսլամի հետ։

«Ես միշտ ասել եմ, որ Ամերիկան պատերազմում է «Ալ-Ղաիդա»-ի եւ դրա տարբեր ճյուղավորումների հետ, եւ մենք երբեք պատերազմի մեջ չենք լինի իսլամի կամ որեւէ այլ կրոնի հետ։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, մեր ազատությունն ու բազմազանությունը մեզ դարձնում են յուրահատուկ, եւ հենց այդ հատկություններն են որոշիչ, թե ով ենք մենք որպես ազ», - հայտարարել է Բարաք Օբաման։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG