Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 11-ի մամուլ


«Օրակարգ»-ը գրում է. - «Ստամբուլում կիրակի օրը ավարտվեց շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ օլիմպիական ոսկին տուն է բերում: Վերջին օրերին ադրբեջանցի մարդասպանի վրա կենտրոնացած տհաճ լրահոսի ուղղությունը միայն մեր շախմատիստները կարողացան փոխել: Վերջին օրերի դեպրեսիվ լուրերի ֆոնին հայ շախմատիստները կարծես ապացուցելու եկան, որ լավ կազմակերպված ու կուռ փոքրամասնությունը կարող է ջարդել աշխարհի հզորագույնների դիմադրությունը»:

«ժամանակ»-ում կարդում ենք. - «Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրավունք չուներ արդարացնել մարդասպան Սաֆարովին: Ըստ դատախազի` ոչ մի երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատական ատյանի կայացրած որոշմամբ դատապարտվածին: Երբ Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարություն է անում եւ մերկացնում Ալիեւին, ի՞նչ է շահում դրանից Հայաստանը, Ղարաբաղը, Հայաստանի քաղաքացին, հայությունը: եթե Հայաստանի գլխավոր դատախազը այսօր հայտարարեր որեւէ խոշոր կոռուպցիոն գործարքի կամ սխեմայի բացահայտման մասին, դա կարող էր շատ ավելի հզոր, ազդեցիկ եւ շահավետ պատասխան լինել Ադրբեջանին՝ անօրեն, մարդասպաններին արդարացնող սուլթանատի համեմատ, ժողովրդավարացող, ուժեղ, օրինապաշտ դարձող Հայաստանի Հանրապետություն: Մինչդեռ, Հայաստանի գլխավոր դատախազը դրա փոխարեն Ալիեւին մերկացնելով է զբաղված` այն դեպքում, երբ դա ոչ մեկի պետքը չէ»:

«Առավոտ»-ը անցած կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ գրում է. - «Այն ռուսները, որոնք որոշակի հակվածություն ունեն ալկոհոլի նկատմամբ, ունեն մի ասույթ, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Ես խմում եմ ոչ թե այն պատճառով, որ շատ եմ սիրում այս անիծյալ օղին, այլ պարզապես ստաժս չկորցնելու համար»: Այս ասացվածքը ես ակամա հիշեցի՝ կիրակի օրն անցած ընտրությունների կապակցությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի համայնքներում, մասնավորապես, Գյումրիում, անհրաժեշտության չկար ընտրակաշառք բաժանելու, այնուամենայնիվ, դա, թվում է, թե հակառակ որեւէ տրամաբանության՝ տեղի էր ունենում: Ճիշտ է, «գները» այնքան բարձր չէին, ինչպես խորհրդարանական ընտրություններում՝ ավագանու աթոռի հավակնորդները մուծում էին 1-3 հազար դրամ: Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ ընտրվողները չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է նպատակին հասնել առանց կաշառքի, իսկ քաղաքացիները չեն պատկերացնում, որ կարելի է «ձրի» գնալ ընտրատեղամաս: Հենց այստեղ է, որ առաջանում է «ստաժի» հարցը՝ եթե ընտրակաշառքի մեխանիզմն աշխատել է մայիսին եւ աշխատելու է փետրվարին, ապա ի՞նչ իմաստ կա «ընդմիջում անելու»»:

Անդրադառնալով պատգամավորական մանդատից հրաժարվելու` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Նրա հայտարարությունից հետո, իհարկե, շատերը տարակուսեցին, որ եթե «Ժառանգության» առաջնորդը դիմելու էր նման քայլի, ապա ինչու դա չարեց մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Բայց, իհարկե, տարակուսելի ոչինչ չկա, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է սիրում իր շուրջը շոուներ սարքել, ավելին` դրանք ձգել հնարավորինս երկար: Նկատենք, որ սա «Ժառանգության» առաջնորդի մանդատից հրաժարվելու երկրորդ դիմումն է: Առաջին անգամ նա ԱԺ-ին այդպիսի դիմում ներկայացրեց 2009-ի սեպտեմբերի 2-ին, սակայն հետո հետ վերցրեց իր դիմումը՝ շարունակելով մնալ պատգամավոր»:

«Հայացք» պարբերականը, հատվածներ ներկայացնելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ Արմենի Մագազին» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցից, նշում է. - «Ռուբեն Հայրապետյանը հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի գլխին կարող է փորձանք դառնալ, ավելին` նախագահական ընտրություններից առաջ լրջորեն սասանել երկրի ղեկավարի հեղինակությունը, եթե «Նուվել դ Արմենի Մագազին» ֆրանսիական պարբերականին նրա տված հարցազրույցում առկա սպառնալիքներից հետո ՀՀ նախագահը կամ իրավապահ մարմինները վճռական միջոցներ չձեռնարկեն: Վերոնշյալն, իհարկե, հնարավոր է այն դեպքում, եթե հիշյալ ամսագրի կողմից իր կայքում հրապարակված հարցազրույցի ամբողջական շարադրանքում ներկայացված են հենց Հայրապետյանի սպառնալիքներն ու տեղեկությունները, այսինքն` նրան վերագրված չեն խոսքեր, որոնց հեղինակն իրականում նա չէ: Առայժմ, սակայն, որեւէ հիմք չունենք կասկածելու, որ նշված ամսագիրը հորինել է դրանք ու վերագրել Հայրապետյանին: Նկատի ունենանք, որ «Նուվել դ Արմենի Մագազինը» հերքում չի հրապարակել, եւ Ռուբեն Հայրապետյանն էլ հրապարակայնորեն չի հայտնել, որ իրականում իր կողմից չասված բաներ հրապարակելու համար ինքը հերքում է պահանջում ամսագրից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG