Մատչելիության հղումներ

«Վասիլի Լեւսկի» մարզադաշտ. Բուլղարիա - Հայաստան


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ժիլինայում Սլովակիայի թիմի հետ հանդիպումից առաջ, 6-ը սեպտեմբերի, 2011թ.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ժիլինայում Սլովակիայի թիմի հետ հանդիպումից առաջ, 6-ը սեպտեմբերի, 2011թ.

Երեքշաբթի օրը կանցկացվեն ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի «Վասիլի Լեւսկի» մարզադաշտում ուժերը կչափի այդ երկրի ընտրանու հետ։

Հայաստանը առաջին տուրում Վալետայում 1։0 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին. 70-րդ րոպեին գնդակը տանտերերի դարպասն է անցկացրել Արթուր Սարկիսովը։

Սեպտեմբերի 7-ին Բուլղարիայի հավաքականը ընտրական փուլի առաջին հանդիպումը նույնպես Սոֆիայում է անցկացրել` աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի առաջնություններում մեկական ոսկե եւ արծաթե մեդալներ վաստակած Իտալիայի հետ խաղն ավարտվել է ոչ ոքի` 2։2 հաշվով։

Գոլառատ առաջին խաղակեսում հաշիվը բացել է Ստանիսլավ Մանոլեւը, Պաբլո Օսվալդոն պատասխան գնդակ է խփել, ապա եւս մեկ անգամ գրավել բուլղարացիների դարպասը։ Երկրորդ խաղակեսում Գեորգի Միլանովը հավասարեցրել է հաշիվը։

Խաղից հետո Իտալիայի ավագը Հայաստանի այսօրվա մրցակցի մասին գովեստով է խոսել` նշելով, որ բուլղարացիները վաստակել են ոչ ոքին։

«Բուլղարիան շատ լավ էր խաղում, նրանք ապացուցեցին, որ արժանի մրցակից են, մենք բնավ նրանց չէինք թերագնահատում», - ասել է իտալացիների դարպասապահ եւ թիմի ավագ Ջանլուիջի Բուֆոնը եւ ավելացրել. - «Վերջին 20 րոպեներին մենք նույնիսկ կարող էինք պարտվել, քանի որ 10 հոգով էինք մնացել»։

Սեպտեմբերի 8-ին էլ տեղի է ունեցել Դանիա - Չեխիա հանդիպումը, որը նույնպես ոչ ոքի է ավարտվել` 0։0։

Այսպիսով, առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականը B խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում Բուլղարիան է, երրորդ տեղում` Իտալիան, չորրորդը Չեխիան է, հինգերորդը` Դանիան եւ վերջին տեղում` Մալթան։

Այսօր Իտալիան սեփական դաշտում կընդունի խմբում ամենացածր վարկանիշն ունեցող Մալթայի թիմին։ Մարզական մեկնաբանների համոզմամբ, իտալացիները, ամենայն հավանականությամբ, կհաղթեն, ընդ որում` ամեն ջանք կգործադրեն դա խոշոր հաշվով անելու համար։

Մոտ մեկ ամիս անց` հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կմրցի Իտալիայի հետ, ապա հոկտեմբերի 16-ին իտալացիները կխաղան Դանիայում։

B խմբի մնացած հանդիպումները տեղի կունենան արդեն 2013 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG