Մատչելիության հղումներ

Հաղթական հավաքականը Հայաստան կվերադառնա երկրի նախագահի ինքնաթիռով


Հայաստանի հավաքականի պարգեւատրման արարողությունը Ստամբուլում: 9-ը սեպտեմբերի, 2012թ.

Հայաստանի հավաքականի պարգեւատրման արարողությունը Ստամբուլում: 9-ը սեպտեմբերի, 2012թ.

Ստամբուլում ավարտված Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում հաղթական ելույթ ունեցած Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա երկրի նախագահի ինքնաթիռով:

Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի այսօր ժամը 20-ին: Հաղթանակով վերադարձող մեր մարզիկներին օդանավակայանում կդիմավորի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը արդեն երրորդ անգամ նվաճել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը` կիրակի օրը վերջին մրցափուլում 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Հունգարիայի թիմի նկատմամբ:

Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 6-րդ տեղը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի Շախմատի տան փոխտնօրեն Վրեժ Օրդյանը` ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերի նկատմամբ այս հաղթանակներին նպաստել է նաեւ պետական բացառիկ ուշադրությունը շախմատի նկատմամբ:

Հայաստանի հանրակրթական դպրոցներում, հիշեցնենք, շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա:

«Շատ մեծ թվով մարդիկ են ընդգրկված շախմատում: Քանի որ շախմատային բուրգի հիմքը շատ լայն է, այնքան էլ բուրգի գագաթը բարձր է լինում», - ասաց Շախմատի տան փոխտնօրենը:
XS
SM
MD
LG