Մատչելիության հղումներ

«Լեւոն Թրավլ» տուրիստական ընկերության երեւանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Փափազյանի խոսքով, օդային ուղեւորափոխադրումների ոլորտը Հայաստանում ճահճացած վիճակում է:

Եթե այս հարցում մենք համեմատվենք հարեւան Վրաստանի հետ, ապա, ըստ Փափազյանի, տարբերությունն ակնհայտ է: Վերջերս շատ են լինում դեպքեր, երբ, օրինակ, արտերկիր մեկնելու տոմս գնում են ոչ թե Երեւանից, այլ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ուղեւորվելու համար: Պատճառը տոմսերի գների տարբերությունն է:

«Օրերս Թբիլիսիից դեպի Եվրոպա մեկնելու եւ վերադառնալու մի տոմս հանդիպեց, որի արժեքը 238 եվրոյին համարժեք դրամ էր: Մեզ մոտ նույն տոմսի գինը հասնում է 800 եվրոյի, եւ տենդենցը գնալով խորանում է` ի վնաս մեզ», - նշեց Անահիտ Փափազյանը:

Այն, որ մեր երկրում ընդհանուր առմամբ ավիատոմսերի գները բարձր են, ակնհայտ է: «Սիբիր» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանի խոսքով, դրա պատճառը մեր երկրում ավիաընկերություններին մատուցվող ծառայությունների գներն են. - «Ընդհանուր առմամբ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, մատուցվող ծառայությունները 20 տոկոսով թանկ են, ինչն էլ, բնականաբար, ազդում է տոմսերի գների վրա»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը նշեց, որ իրենք տեղյակ են տարածաշրջանում գործող գներից եւ շահագռգռված են, որպեսզի մեր գները համապատասխանեն հարեւան երկրներում գործող գներին: Ի դեպ, մեր օդանավակայանի գները կառավարության կողմից հաստատվել են 2000 ականների սկզբին, եւ դրանից հետո էական փոփոխություններ չեն կրել: Ինչ վերաբերվում է ավիավառելիքի գներին, ապա մենք նավթ ենք ներկրում արտերկրից, ինչն ինքնին ազդում է գների վրա:

Կլինեն արդյոք առաջիկայում որոշակի գնային փոփոխություններ, դժվար է ասել: Օդանավակայանից փոխանցեցին, որ առաջիկայում նման ծրագրեր չունեն: Ի դեպ, վերջերս Հայաստանում ծառայությունները դադարեցնելու մասին հայտարարեց աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից «Բրիտանական ավիաուղիները»` պատճառաբանելով, որ Հայաստանում աշխատելը ընկերության համար շահութաբեր չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG