Մատչելիության հղումներ

Հայաստանի ավելի քան 370 համայնքներում անցած կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, գերիշխող դիրքում է Հանրապետական կուսակցությունը:

Իշխող կուսակցության թեկնածուները, ՀՀԿ-ի իսկ տվյալներով, հաղթել են 240-ից ավելի համայնքներում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով ընտրությունների ընթացքը` կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը ասաց. - «Հանրապետական գոհ է արդյունքներից: Իր առջեւ խնդիրները մեր թիմը կարողացել է տեղերում կատարել»:

Քաղաքական ուժերի մասնակցությունը, նրա ձեւակերպմամբ` ցածր է եղել, ինչը հանգեցրել է մրցակցության պակասի:

Հարցին, թե արդյո՞ք դրական տեղաշարժ տեսնում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, Թադեւոսյանն արձագանքեց. - «Դրական տեղաշարժ, իհարկե, տեսնում եմ… Ավելի կոռեկտ, ավելի հանդարտ մթնոլորտում են անցել ընտրությունները: Իհարկե, եղել են նաեւ թերություններ, ահազանգեր»:

«Ընտրությունները կայացած են, ընտրությունները անցել են դեմոկրատական սկզբունքներին համապատասխան», - եզրափակեց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ պատրաստվում են բողոքարկել Մասիսի քաղաքապետի ընտրությունների արդյունքները. այստեղ ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Օհանյանը զիջել է իշխող կուսակցության թեկնածուին:

«Հիմա մենք պահանջելու ենք, որպեսզի Մասիս քաղաքի բոլոր 9 տեղամասերը բացվեն, վերահաշվարկ ենք պահանջելու», - ասաց պատգամավորը` հավելելով, որ օրվա վերջում կունենան «ամբողջ պատկերը»:

«Խախտումները, որ մենք արձանագրեցինք մայիսի 6-ի համապետական ընտրությունների ժամանակ, կրկնվեցին լոկալ մասշտաբով բազմաթիվ համայնքներում: Ես կարող եմ արձանագրել Վանաձորը, կարող եմ արձանագրել Ստեփանավանը, բազմաթիվ այլ համայնքներ», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը` «Օրինաց երկիր» կուսակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, հաջողություն է գրանցել մեկ տասնյակից ավելի համայնքներում:

Նա նաեւ հայտարարեց, թե ՏԻՄ ընտրություններում «որոշիչ դեր է կատարել ընտրակաշառքը»:

Արձագանքելով հարցին, թե ովքեր էին ընտրակաշառք բաժանողները` Բիշարյանը ասաց. - «Ով գումար ունի, նա էլ բաժանել է»:

Այդուհանդերձ, «Օրինաց երկիր»-ի փոխնախագահի փոխանցմամբ, իրենց չեն պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 14-ին:
XS
SM
MD
LG