Մատչելիության հղումներ

Հունգարիան Հայաստանին կոչ է արել վերականգնել բարեկամական կապերը


Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնյի

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնյի

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին անցած շաբաթավերջին նամակ է ուղարկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որտեղ հավաստիացրել է, թե Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին ուղղված չէր Հայաստանի դեմ եւ չպետք է դիտարկվի որպես վիրավորանք հայ ժողովրդի հասցեին։

Հունգարական մամուլի հաղորդմամբ, նամակում արտգործնախարարը նաեւ ընդգծել է,որ ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանի էքստրադիցիան իրականացվել է միջազգային գործող նորմերին ու այս հարցում Հունգարիայի կողմից կիրառվող պրակտիկային համապատասխան։

Արտահանձնումը «բացառապես իրավական բնույթ» է կրել՝ պնդել է Մարտոնին։

Պաշտոնական նամակում Հունգարիայի արտգործնախարարը նաեւ ցավ է հայտնել իր երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու՝ Հայաստանի որոշման կապակցությամբ եւ հիշատակել հայ-հունգարական ավանդական բարեկամությունն ու «քրիստոնեական արժեքները», որ «միավորում են երկու ժողովուրդներին դարեր շարունակ»։

«Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»,- մամուլում առկա հաղորդագրության համաձայն, պնդել է Հունգարիայի արտգործնախարարը եւ կոչ արել Էդվարդ Նալբանդյանին երկուստեք ջանքեր գործադրել բարեկամական կապերը վերականգնելու համար։

Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է այս ուղերձը, սակայն պաշտոնական Երեւանը առայժմ դրան որեւէ կերպ չի արձագանքել։

Նշենք, որ Հունգարիայի կողմից Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հարցը քննարկվել է նաեւ Եվրամիության արտգործնախարարների՝ անցած շաբաթավերջին Կիպրոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Հունգարական մամուլի համաձայն, Հունգարիայի արտգործնախարարը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել գործընթացին վերաբերող մի շարք փաստեր եւ կրկին պնդել, որ այս հարցում Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Նույն աղբյուրի հաղորդմամբ, Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը իր աջակցությունն է առաջարկել՝ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական լարվածությունը թուլացնելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հաստատել է քննարկման մասին տեղեկությունը եւ ընդգծել, որ պաշտոնական Բրյուսելը շարունակում է մտահոգված մնալ Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ, բացատրություններ է ակնկալում ադրբեջանական կողմից՝ այս հարցի առնչությամբ եւ ուշադրությամբ հետեւում իրադարձությունների զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG