Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը մանդատը չի վերցնում նախագահական ընտրությունների պատճառով


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

Պատգամավորական մանդատից հրաժարվելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններով: Այս մասին երկուշաբթի օրը Ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ի վերջո համապետական ամենակարեւոր միջոցառումը նախագահական ընտրություններ են: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ կուսակցության ղեկավար է, եւ կուսակցությունը` ինքը, ահագին գործեր ունի անելու, բայց պետք է նկատի ունենալ, որ առաջիկայում նախագահական ընտրություններ են, եւ չի բացառվում, որ նա առաջադրվի որպես նախագահի թեկնածու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Կիրակի օրը «Ժառանգություն» կուսակցության վարչությունը «հավանություն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգել է պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր էր ընտրվել ինչպես 2007 թվականի մայիսի 12-ին, այնպես էլ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, արդեն երկրորդ անգամ է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնում։ Մանդատից հրաժարվելու մասին իր նախորդ՝ 2009 թվականի սեպտեմբերի 2-ին ներկայացված դիմումը Րաֆֆի Հովհաննիսյանը ետ էր վերցրել՝ շարունակելով մնալ պատգամավոր։

Խորհրդարանի այսօրվա նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը։ Եթե «Ժառանգության» առաջնորդը 15 օրվա ընթացքում դիմումը ետ չվերցնի, ապա նրա հրաժարականը կհամարվի ընդունված:

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ցավում է, որ Հովհաննիսյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը:

«Պարզապես ցավում եմ, որովհետեւ չի կարելի ժողովրդի ձայնը որոշակի խմբով կամ անհատապես դու վերլուծես, դու էլ կորցնես այդ ձայները: Վերջին հաշվով ժողովրդի ձայնը պետք է հարգել: Եթե նախագահական ընտրություններում թեկնածու պիտի լիներ, ամենամեծ ամբիոնը Ազգային ժողովում է դրսեւորումների տեսակետից», - ասաց Սահակյանը:

Ռուբեն Հակոբյանը ասաց, որ դեռեւս որոշված չէ, թե ով կզբաղեցնի Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը, բայց «Ժառանգության» համամասնական ցուցակում այս պահի դրությամբ որեւէ տեղաշարժ չկա, եւ ըստ ցուցակի, հաջորդը Թեւան Պողոսյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG