Մատչելիության հղումներ

«Այս հարցում Չեխիան Հայաստանի կողմից է»


Չեխիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը:
Չեխիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը:

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում անդրադարձ է եղել մարդասպան Սաֆարովի հարցին։

Երեկ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում (խորհրդարանի ստորին պալատը) հարցուպատասխանի ընթացքում սոցիալ-դեմոկրատ պատգամավոր, Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը մարդասպան Սաֆարովին առնչվող հարցով դիմել է Չեխիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին։

«Հարգելի պարոն փոխվարչապետ եւ արտգործնախարար, կցանկանամ ձեր տեսակետն իմանալ Հունգարիայում մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու, նրան այնտեղ ներում շնորհելու, զինվորական կոչումը բարձրացնելու եւ հերոսացնելու վերաբերյալ։ Կարող եք, իհարկե, ասել, որ խնդիրը վերաբերում է Հունգարիային, Ադրբեջանին եւ Հայաստանին, որի զինվորականին Սաֆարովը 2004-ին հրեշավոր ձեւով է սպանել` կացնահարել քնած ժամանակ», - ասել է Ռոբին Բյոնիշը` շարունակելով. - «Իմ համոզմամբ, Եվրամիության երկրները, այդ թվում Չեխիան, պետք է հստակ դիրքորոշում հայտնեն, քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը Արեւելյան գործընկերության անդամներ են, եւ մեզ համար կարեւոր է, որ Ղարաբաղի խնդրի շուրջ խաղաղության գործընթացը շարունակվի։ Վախենամ, որ հիմա` Հունգարիայի այդ խայտառակության եւ նախեւառաջ արբեջանական կողմի աննախադեպ քայլի հետեւանքով այդ գործընթացը վտանգվել է, կամ առնվազն անորոշ ժամանակով դադարել»։

Կարել Շվարցենբերգը պատասխանել է. - «Այո, Չեխիայի Հանրապետությունն այս կոնկրետ հարցում Հայաստանի կողմից է։ Ձեր թվարկած հանգամանքները վտանքի տակ են դնում Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ վստահությանը նպաստելուն միջազգային համայնքի գործադրած ջանքերը, թուլացնում են խաղաղության կարգավորումը եւ, ի վերջո, վնաս հասցնում հենց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտված մարդասպան է, մարդասպանությունը մարդասպանություն է մնում, տեղի ունեցածը ծաղր է ապրողների, արդարության եւ օրենքի գերակայության նկատմամբ»։

Արտգործնախարարն ասել է նաեւ, թե այս պահին Չեխիան հայտարարությամբ հանդես չի գալու. - «Մենք մեր տեսակետի եւ այս հարցում մեր աջակցության մասին արդեն տեղեկացրել ենք Չեխիայում Հայաստանի դեսպանին։ Մենք Չեխիայում Ադրբեջանի դեսպանի միջոցով Ադրբեջանի կառավարությանը տեղեկացրել ենք մեր խիստ մտահոգության մասին։ Չեմ կարծում, որ խնդիրը վերաբերում է սոսկ Հունգարիային, Ադրբեջանին եւ Հայաստանին, եւ աշխարհի արձագանքն էլ դա է ապացուցում։ Ամբողջ միջազգային համայնքը մտահոգված է նախեւառաջ Ադրբեջանի դիրքորոշումից, Ադրբեջանի իմիջը լրջորեն վնասվել է»։

Այնուհետեւ Կարել Շվարցենբերգը փոխանցել է, որ խնդրո առարկա հարցը քննարկվելու է սեպտեմբերի 7-ին Կիպրոսում կայանալիք Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովում։

«Համաձայն եմ ձեզ հետ, որ տեղի ունեցածը վնասում է երկու կողմերի միջեւ վստահություն հաստատելու ջանքերը։ Դրական եմ համարում Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ։ Շատ կարեւոր է կանխել իրավիճակի հետագա սրումը։ Չեխիայի Հանրապետությունը աջակցում է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը` բանակցությունների միջոցով եւ միջազգային նորմերին համապատասխան», - եզրափակել է Չեխիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Կարել Շվարցենբերգը։
XS
SM
MD
LG