Մատչելիության հղումներ

logo-print

Իսագուլյանը կսատարի գործող նախագահին


ԱԺ-ում նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյան

ԱԺ-ում նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյան

Գառնիկ Իսագուլյանի պնդմամբ, զբաղեցրած պաշտոնից իրեն ազատ արձակելու որոշումը պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի հետ իր ունեցած մտերիմ հարաբերություններով։

Նշենք, որ երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով Իսագուլյանին ազատեց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակեց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին։

«Հավատացեք, բայց իմ ազատման դիմում գրելու հարցը ամենեւին կապված չէ «Ռոբերտ Քոչարյանի մարդը» լինելու հետ։ Նոր Ազգային ժողով է ձեւավորվել, եւ նոր Ազգային ժողովի համար համարժեք կադր է պետք, եւ նպատակահարմար գտնվեց, որ այդ մարդը Վիկտոր Դալլաքյանն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Նրա փոխանցմամբ, իր համար անակնկալ չէր պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի որոշումը։ Անգամ Վիկտոր Դալլաքյանի հետ մի քանի ամիս առաջ Ղարաբաղում զրուցել են այս թեմայի շուրջ։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Վիկտոր Դալլաքյանը տարիներ շարունակ սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին, մինչդեռ այսօր Սարգսյանը Դալլաքյանին նշանակում է խորհրդարանում իր ներկայացուցիչ, ապա Իսագուլյանը դա նորմալ է համարում, նշելով, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է։

«Մարդը շատ լավ գիտակցել է այն ժամանակվա կատարածի անտեղիությունը, եւ հիմա շատ լավ միմյանց հետ աշխատում են եւ, կարծում եմ, նախագահի ընտրությունը այս առումով վատերից չէ», - մեկնաբանեց նա։

Պաշտոնից ազատվելուց հետո Իսագուլյանը մտադիր է ակտիվացնել իր ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը եւ պատրաստվել մի քանի ամսից կատարվելիք նախագահական ընտրություններին։

Խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչն ասում է, որ չնայած պաշտոնից ազատվելու հանգամանքին, շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի թիմում եւ ամենայն հավանականությամբ նախագահական ընտրություններում կսատարի հենց գործող նախագահին։

Գառնիկ Իսագուլյանին հարցերցինք նաեւ, որ եթե առաջիկայում քաղաքականապես ակտիվանա նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հնարավո՞ր է, որ ինքը հայտնվի Քոչարյանի կողքին։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Իսագուլյանը տարիներ շարունակ Քոչարյանի խորհրդականն էր ազգային անվտանգության հարցերով։

«Ես ե՛ւ Սերժ Սարգսյանի կողքին եմ՝ շատ հարգում ու սիրում եմ այդ մարդուն։ Մենք լավ ընկերներ ենք։ Ես չեմ թաքցնում, որ ես առիթի դեպքում անպայման հանդիպելու եմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա եղել եւ մնում է իմ լավագույն ընկերներից մեկը։ Եթե կյանքը այնպես դասավորվի, որ երկուսն էլ առաջադրվեն, հավատացեք, որ ես բավականին լուրջ զրույց կունենամ երկուսի հետ էլ, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունենում», - նշեց Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով․ - «Բայց ես չեմ կարծում, որ նման երեւույթ լինի՝ երկուսն էլ միաժամանակ առաջադրվեն։ Ես կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան, որ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի երկրորդ ժամկետը եւ կարծում եմ երկրորդ ժամկետը շատ ավելի բեղմնավոր կլինի քան առաջինը, որովհետեւ առաջինին նախորդեցին մարտյան դեպքերը։ Ըստ էության, մենք ներքին քաղաքական ճգնաժամ էինք հաղթահարում մի քանի տարի։ Եղավ համաշխարհային տնտեսական մեծ ճգնաժամը։ Եվ հիմա Սերժ Սարգսյանը շատ ավելի մեծ հնարավորություններ է ունենալու այն խնդիրները, որ մինչեւ այսօր լուծված չեն՝ լուծելու։ Ինչո՞ւ չէ՝ նաեւ կադրային խնդիրներ։ Սերժ Սարգսյանի համար հնարավորություն է տրված երկրի զարգացման, բարոյահոգեբանական, քաղաքական իրավիճակը լավացնելու։ Պատմության մեջ մնալու խնդիր մարդ պիտի դնի իր առաջ»։

Ինչ վերաբերում է խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին, ապա նա խոստացավ իր նշանակման հետ կապված հարցերին պատասխանել հենց խորհրդարանում իր մյուս շաբաթ մեկնարկող նստաշրջանի ընթացքում։ Ի դեպ՝ չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը առաջիկայում կստանա եւս մեկ պաշտոն։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա կնշանակվի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Հիշեցնենք, 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Վիկտոր Դալլաքյանը դարձավ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ, սակայն նրան չհաջողվեց մտնել խորհրդարան։

XS
SM
MD
LG