Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանի (Հայ Յեղափոխական Դաշնակցություն) կարծիքով, ավարտին մոտեցող քարոզարշավը լարված մթնոլորտում է անցնում:

«Ներքուստ կա այդ լարվածությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Նա նկատի ունի Գյումրիում տեղի ունեցած վերջին միջադեպը, որին մասնակցել են գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի (ԲՀԿ) թիմակիցները: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կան կալանավորվածներ եւ հետախուզվողներ, որոնց թվում են նաեւ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, եւ ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը, ով Բալասանյանի թիմակիցներից է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք միջադեպը ազդեցություն ունեցել է քարոզարշավի ընթացքի վրա, Սամվել Բալասանյանը պատասխանեց. - «Չէի ասի, թե ինչ-որ խանգարվեց: Ես իմ քարոզարշավը նորմալ գրաֆիկով կարողացա անցկացնել»:

ՀՀԿ-ի աջակցությունը վալեյող ԲՀԿ-ի թեկնածուն իր քարոզարշավն այսօր ավարտեց հանրահավաքով, որին մասնակցեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Դիմելով հավաքվածներին` Բալասանյանը խոստացավ. - «Վերականգնելու ենք Գյումրին, վախի մթնոլորտը հանելու ենք Գյումրիից: Մենք պետք է այնպես անենք, որ անկաշառ լինի քաղաքապետարանը` եթե ես ընտրվեմ»:

Իսկ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ասաց, թե սեպտեմբերի 9-ի ընտրություններից հետո «Գյումրիում նոր էջ է բացվելու»:

«Ես այսօր հայտարարում եմ, որ ես իմ կողմից Գյումրի քաղաքին նվիրում եմ 10 մեքենա, որը մաքրությամբ կզբաղվի, աղբը կտեղափոխի, եւ 10 տրակտոր` փողոցները մաքրելու, ձյունը հեռացնելու համար»,- ասաց նա` խոստանալով, թե 20-25 օրից «ավելի մեծ անակնկալ է» անելու գյումրեցիներին:

Գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ըստ շրջանառվող լուրերի, բացակայում է քաղաքից` ի նշան բողոքի, եւ վերադառնալու է միայն ընտրություններից հետո:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն այսօր մասնակցել է նաեւ Վանաձորում իրենց առաջադրած թեկնածու Էդիկ Կարախանյանի քարոզարշավն ամփոփող հանրահավաքին:

Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար մրցակցելու են գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը (ՀՀԿ), Էդիկ Կարախանյանը (ԲՀԿ), Տարոն Ապրեսյանը (ՄԻԱԿ), անկուսակցականներ Կարեն Թումանյանը եւ Տիգրան Գրիգորյանը:
XS
SM
MD
LG