Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարը Բաքվում խոսել է Սաֆարովի մասին


Belgium -- NATO Secretary-General Anders Fogh Rasmussen speaks during an interview with Reuters at the Alliance headquarters in Brussels, 03Sep2012

Belgium -- NATO Secretary-General Anders Fogh Rasmussen speaks during an interview with Reuters at the Alliance headquarters in Brussels, 03Sep2012

Մինչդեռ, Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսում Ալիեւը պնդել է, թե Սաֆարովի արտահանձնումը օրինական է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կատարել է Երեւանում տված խոստումը եւ Բաքվում խոսել է մարդասպան Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու եւ հերոսացնելու անթույլատրելիության մասին։

Սակայն, ինչպես 1news.az լրատվական գործակալությունն է փոխանցում, ի պատասխան դրան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գլխավոր քարտուղարի հետ մամլո ասուլիսում պնդել է, թե արտահանձնումը միանգամայն համապատասխանում է Եվրոպական կոնվենցիային, իսկ ներում շնորհելու իրավունքը ամրագրված է Ադրբեջանի սահմանադրությամբ։

«Այն, ով պնդում է, թե օրենք է խախտվել, պարզապես իրականությանը տեղյակ չէ։ Հայաստանը բանակցային գործընթացում փորձում է պահպանել ստատուս քվոն, դրա համար էլ շահագործում է այս հարցը», - ասել է Ալիեւը։

1news.az-ը նաեւ հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահը մամլո ասուլիսում խոսել է Փարիզի Օրլի օդակայանում 1983 թվականին ահաբեկչական գործողություն իրականացրած Վարուժան Կարապետյանի մասին, հիշեցնելով, որ նրան «18 տարվա ազատազրկումից հետո տեղափոխել են Հայաստան, ներում շնորհել եւ հերոսացրել, չնայած Կարապետյանն արտահանձնման շրջանում Հայաստանի քաղաքացիություն չի ունեցել»։

«Ես չեմ ցանկանում մեր սպային համեմատել ահաբեկիչների հետ, սակայն ընդգծում եմ, որ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը համապատասխանում է օրենքին», - պնդել է Ալիեւը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում, փաստորեն, հայտնվել է լրատվական շրջափակման մեջ։

«Թրենդ»-ը, 1news.az-ը եւ այլ գործակալություններ գրեթե ոչինչ չեն հաղորդում Սաֆարովի վերաբերյալ նրա մեկնաբանությունների մասին, նշում են, որ Ռասմուսենը Դիվանագիտական ակադեմիայում ասել է, թե Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, գովեստով է խոսել Ադրբեջան - ՆԱՏՕ համագործակցության մասին եւ աջակցություն հայտնել Ադրբեջանում պաշտպանության բնագավառում իրականացվող բարեփոխումներին, միայն հպանցիկ հիշատակում են Twitter սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում Ռասմուսենի տեղադրած այս գրությունը. - «Ինձ խորապես մտահոգել է սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը։ Այն խարխլում է վստահությունը եւ չի նպաստում խաղաղության գործընթացին»։

Բաքվում ամեն ինչ արվել է ոչ պաշտոնական մամուլի հետ Ռասմուսենի շփումը կանխելու համար։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցներն թույլ չեն տվել ներկա լինել Ռասմուսենի եւ Ալիեւի համատեղ ասուլիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG