Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա «ԱՄՆ-ի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր է լուծել»


ԱՄՆ - Բարաք Օբաման ելույթ է ունենում Դեմոկրատական կուսակցության համագումարում, Շարլոթ, 6-ը սեպտեմբերի, 2012թ.
ԱՄՆ - Բարաք Օբաման ելույթ է ունենում Դեմոկրատական կուսակցության համագումարում, Շարլոթ, 6-ը սեպտեմբերի, 2012թ.
Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ Բարաք Օբաման ամփոփում է անցած չորս տարիներին իր կատարած աշխատանքն ու խոստանում վերընտրվելու դեպքում հուսախաբ չանել ամերիկացիներին:

Դիմելով Դեմոկրատական կուսակցության` Հարավային Կարոլինայի Շարլոթ քաղաքում անցած գիշեր ավարտված համաժողովի մասնակիցներին, Սպիտակ տան ղեկավարը նշում էր. - «Չորս տարի առաջ ես խոստացա ավարտին հասցնել Իրաքյան պատերազմը: Մենք արեցինք դա: Ես խոստացա, որ մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք այն ահաբեկիչների վրա, որոնք անմիջականորեն իրականացրել էին սեպտեմբերի 11-ի հարձակումները: Մենք դա էլ իրագործեցինք: Աֆղանստանում մենք կարողացանք խլել նախաձեռնությունը «Թալիբան»-ի ձեռքից, եւ 2014-ին մեր պատմության ամենաերկարատեւ պատերազմը ավարտին կմոտենա: Նյու Յորքում նոր աշտարակ է վեր խոյանում, «Թալիբան»-ը պարտության ճանապարհն է բռնել, իսկ Ուսամա Բին Լադենը սպանված է»:

Միացյալ Նահանգների նախագահը համոզված է, որ երկրի արտաքին քաղաքական թիվ մեկ խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է։

Անդրադառնալով նախագահության հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի այն հայտարարությանը, թե Ամերիկայի գլխավոր թշնամին Ռուսաստանն է, Օբաման նշում էր. - «Եթե մեր թիվ մեկ թշնամի եք համարում Ռուսաստանին, այլ ոչ թե «Ալ-Քաեդա»-ին, նշանակում է` ձեր ուղեղը դեռ կաղապարված է Սառը պատերազմի գաղափարներով»:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այստեղ, ըստ Օբամայի, առաջնահերթություններն անփոփոխ են` առողջապահական համակարգի բարեփոխումներ եւ նոր աշխատատեղերի ստեղծում:

«Վերջին երկուսուկես տարում մեր երկրի արդյունաբերական ոլորտում ավելի քան կես միլիոն նոր աշխատատեղ է ստեղծվել: Դուք, իհարկե, ընտրության հնարավորություն ունեք` կարող ենք հարկային արտոնություններ շնորհել մեծ ընկերություններին, որպեսզի դրանք շարունակեն աշխատատեղեր ստեղծել արտերկրում, կամ էլ հակառակը` կարող ենք խրախուսել այն ընկերություններին, որոնք աշխատատեղեր են ստեղծում Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - նշում էր Օբաման:

Խոսելով նոյեմբերի 6-ի քվեարկության մասին` ԱՄՆ-ի նախագահը համոզմունք հայտնեց. - «Այն ընտրությունը, որ դուք եք կատարելու, պարզ ընտրություն չի լինի երկու թեկնածուների կամ կուսակցությունների միջեւ: Դա երկու տարբեր ուղիների, Ամերիկայի ապագայի երկու տրամագծորեն տարբեր տեսլականների միջեւ ընտրություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG