Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ալիեւը փորձարկում է միջազգային հանրության արձագանքները»


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

«Անհրաժեշտ են գործողություններ, եւ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով», - ասել է նախագահը ԵԱՀԿ-ի դեսպաններին։

«ԵԱՀԿ-ն շատ կարեւոր կազմակերպություն է Հայաստանի համար», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ։

«ԵԱՀԿ-ի սկզբունքները եւ անվտանգության համապարփակ ընկալումն ամբողջովին համահունչ են մեր պատկերացումներին», - ասել է նախագահը` հավելելով. - « Շատ կարեւոր է, որ մենք կառույցի շրջանակներում համաձայնվել ենք, որ որեւէ երկրի անվտանգություն չի կարող ապահովվել այլ երկրի անվտանգության հաշվին»:

«Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր բոլոր հանձնառությունները: Բայց վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանում անհապաղ արդարացվեց վայրենի հանցագործություն կատարած մի անձնավորություն, եւ այս իրադարձությունը, իհարկե, ցավոք սրտի, մեր կարծիքով, վերջինը չէ», - նշել է Սերժ Սարգսյանը։

Ամեն ինչ, ըստ նրա, «սկսվեց նրանից, որ 2007 թվականին Մինսկի խումբն առաջարկեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իր տարբերակը»: «Շատերը հիշում են, թե ինչպես էր Ադրբեջանը հրաժարվում այդ փաստաթղթից, այնուհետեւ՝ դեկլարատիվ հայտարարություն արեց, որ այդ փաստաթուղթն ընդհանուր առմամբ իր համար ընդունելի է, այնուհետեւ սկսեց սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել ինքնորոշման իրավունքը: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել «ռեֆերենդում» հասկացողությունը: Եվ սկսվեց մի ներկայացում, որի ողջ իմաստը կայանում էր հետեւյալում՝ ձգել ժամանակ, կուտակել սպառազինությունների մեծ պաշար եւ հարմար պարագաներում ռազմական ճանապարհով փորձել լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - ասել է Հայաստանի նախագահը։

«Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիեւին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաեւ ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետեւանքների կարող է բերել այսպիսի քայլը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Եվ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը, ինչպես ասացի, վաղուց է սկսվել՝ երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որեւէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին: Երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ ցուցում տվեց Գիտությունների ազգային ակադեմիային՝ շարադրել Ադրբեջանի մի պատմություն, որտեղ հայերը բնավ չպետք է լինեին, որեւէ մեկը ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին: Երբ Ալիեւը սկսեց հայտարարել, որ Երեւանը եւ ընդհանրապես Հայաստանը ադրբեջանական տարածքներ են, որեւէ մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Եվ երբ Ալիեւը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին հայությունն է, եւ թշնամուն պետք է ոչնչացնել, որեւէ մեկը չարձագանքեց»:

«Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին եւ՛ համանախագահներին, եւ՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ: Իսկ պատասխանը հետեւյալն է՝ որ Ալիեւի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար», - նշել է նախագահը` շեշտելով. - «Հայտարարությունների այդպիսի խզվածություն ներքին եւ արտաքին սպառման համար ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Չի կարող մարդը մինչեւ օրվա կեսը մտածել մի կերպ, երկրորդ կեսին՝ մեկ այլ կերպ: Չի կարող մարդը երկուշաբթի մտածել մի կերպ, չորեքշաբթի՝ մեկ այլ կերպ: Եվ տեսնելով այս հանդուրժողականությունը՝ Ալիեւը արդեն հայտարարություններից անցավ գործողությունների: Եվ առաջին գործողությունը կայացավ նրանում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ ոչ միայն արդեն շփման գծում, այլեւ հայ - ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ: Եվ էլի արձագանքը թույլ էր: Հիմա մենք վկան ենք այս արտառոց փաստի: Եվ ինչպես ասացի, ցավոք, սա վերջը չէ»:

«Ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ: Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետեւանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաեւ մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որեւէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ: Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետեւյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություններից հետո կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ։ Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի եւ հանցագործի միջեւ, մեղավորի եւ անմեղի միջեւ: Սա շատ վատ հանգամանք է: Իմ խնդրանքն է ձեզ, իմ կոչն է ձեզ, որպեսզի ձեր կառավարությունները եւ մեր կազմակերպությունը առարկայորեն զբաղվեն այդ խնդրով», - ասել է Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG