Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները թաքցրել են մարդասպանին


Մեկ շաբաթ առաջ Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված եւ Բաքվում ազատ արձակված Ռամիլ Սաֆարովը փոխել է բնակության վայրը` «անվտանգության նկատառումներով», հաղորդում է 1news.az-ը։

Մարդասպանի հայրը ադրբեջանական ինտերնետային պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ որդին իրենց հետ չի ապրում։

«Ես հանդիպել եմ Ռամիլին միայն նրա վերադարձի օրը, ինչից հետո նրան չեմ հանդիպել։ Նա տուն չի գալիս։ Եվ ես չգիտեմ` որտեղ է նա գտնվում եւ որ հասցեում է բնակվում։ Նա Ազգային բանակի սպա է եւ գտնվում է պաշտպանության նախարարության տրամադրության տակ։ Բայց ինձ հաղորդել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է», - ասել է Սահիբ Սաֆարովը։

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց հայրենիք եւ Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Այս իրադարձությունները եւ հատկապես մարդասպանի փաստացի հերոսացման` Ադրբեջանի գործողությունները հարուցեցին ինչպես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հայկական սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության բուռն հակազդեցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG