Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 7-ի մամուլ


«Հրապարակ» օրաթերթում կարդում ենք. - «Մենք պիտի կարողանանք ողջ աշխարհին հասկացնել, որ Ալիեւի արարքն աններելի է, հարյուր անգամ ավելի աններելի, քան Սաֆարովի կատարած հանցագործությունը: Բոլորը պիտի հասկանան, որ վաղը, Ալիեւի հետ շունուկատու դառնալու պարագայում, Ադրբեջանում կարող է հերոսացվել ամերիկացի, ռուս, ֆրանսիացի կամ գերմանացի մարդասպանը: Եվ այս հեռանկարն է, որ մեզ խանգարելու է շարունակել բանակցություններն Ալիեւի հետ: Ալիեւն այլեւս իրավունք չունի մասնակցելու մի հարցի քննարկման, որտեղ հայի ճակատագիր է վճռվում, ճիշտ այնպես, ինչպես Հիտլերին մոտ չէին թողնի հրեաների Հոլոքոստին վերաբերող քննարկումներին եւ, լավագույն դեպքում, կհարցաքննեին որպես մեղադրյալի: Մենք դեմ չենք հարցի խաղաղ կարգավորմանը, մենք կողմ ենք բանակցություններին, բայց մենք հանցագործների հետ չենք բանակցում: Սա պետք է լինի բանակցությունները շարունակելու մեր մեկնակետը: Բանակցային ողջ գործընթացում պետք է հստակ տարանջատել նախասաֆարովյան եւ հետսաֆարովյան շրջանները»:

Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու եւ նրան ներում շնորհելու կապակցությամբ Ազգային ժողովի նիստը, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի որակմամբ` տրագիկոմեդիա էր հիշեցնում. - «Եթե որեւէ արտառոց եւ հրատապ հարց չկա, ապա այդ օրերին գլուխ պահելու ու քնով անցնելու պատգամավորական սովորությանը հայ հասարակությունը ինչ-որ ձեւով վարժվել է, բայց մի՞թե կարելի է ազգի, պետության, մեր արժանապատվության, ինքնասիրության հարցը դնել նժարին ու հարեւանի դիրքերից վերաբերմունք դրսեւորել, հետն էլ ասել, թե` գիտեք, մենք Ազգային ժողով ենք, քաղաքական մարմին ենք, ամբիոն ենք ու հեսա գալիս ենք ու Նալբանդյանի չարածը տեղում մենք անենք: Ոչինչ էլ չարեցիք, բացի մի քանի կառուցողական ու հիմնավոր ելույթներից, որոնք հնչեցին ոչ կոալիցիոն գործընկերների շուրթերից: Իսկ իշխանական դեմքերը հերթական անգամ իրենց հնարավոր անելիքը փաթաթեցին խորհրդարանի ջահելների վզին` մնալով մանրադիտակով նայողի ու ոչինչ չանողի դերում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի էջերում զետեղված են արձագանքներ դարձյալ Ռամիլ Սաֆարովի թեմայով: «Ադրբեջանի համար ռազմական լուծում գոյություն չունի», - ասել է Ռազմավարական գնահատման եւ վերլուծությունների ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Կոնովալովը` խոսելով Սաֆարովի գործի արդյունքում տարածաշրջանում հնարավոր լարվածության աճի մասին: - «Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ապա նա, մի կողմից, միակը կլինի, որ կգնա այդ քայլին, իսկ մյուս կողմից` ուղղակի դե յուրե կհայտարարվի այն, ինչ վաղուց արդեն դե ֆակտո առկա է: Բայց Ղարաբաղի չի կարող գոյատեւել առանց Հայաստանի հետ մշտական կապի` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ուստի չեմ կարծում, որ Ղարաբաղի ճանաչումն ինչ-որ կերպ կփոխի իրավիճակը: Լարվածությունը, իհարկե, կաճի, բայց Ադրբեջանի համար ուժային լուծում միեւնույն է չկա»: Խոսելով հավանական պատերազմի ու դրա ելքերի մասին` փորձագետը նշել է. - «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա շատ ուժեղ կառույց չէ, բայց կարելի են այն դիտարկել որպես ռուսական որոշ երաշխիքներ: Դժվար թե Ադրբեջանը որոշի այդ հարցն ինքնուրույն լուծել, այն էլ` ռազմական ուժի կիրառմամբ: Հայկական բանակն էլ տեղում կանգնած չէ, իսկ Ղարաբաղը համախմբված հանրություն է, որն ունակ է կռվել ու պաշտպանել ինքն իրեն: Հիշեցնեմ, որ Հայրենական պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղից մի դյուժին ԽՍՀՄ հերոսներ կային: Օրինակ, կարելի է մարշալ Բաղրամյանին հիշել»:

«Հայկական ժամանակ» -ում կարդում ենք. - «Իլհամ Ալիեւն իր համար ստեղծեց մի վիճակ, որտեղ ինքը որպես առաջնորդ կոնկրետ եւ հերոսական քայլ է կատարել, իսկ երկրի գլխին պատերազմի վտանգ է կախված, եւ ո՛վ կարող է հավակնել գերագույն գլխավոր հրամանատարի դերին, եթե ոչ` միմիայն ինքը: Այդ դեպքում, իհարկե, իր երկրում ոչ ոք չի հիշի այն մասին, որ նա բռնապետ նախագահ է, որն իր երկրում թերթեր է փակում, բանտ է նետում բլոգերներին, յուրացնում է պետական հարստությունը եւ այլն, եւ այլն: Այս ամենը դառնում է տասներորդական նշանակության մանրուք: Եվ իհարկե, նման արդյունքի համար արժեր միջազգային հանրությունից մի երկու թթու խոսք լսել: Այսպիսով, քաղաքական դրդապատճառը, որն ստիպեց Ալիեւին` ազատություն շնորհել Սաֆարովին, լիովին արժեր դրան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG