Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատասխանեց Հունգարիայի նոտային


Պաշտոնական Բաքուն պատասխանել է օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու առնչությամբ Հունգարիայի արտգործնախարարության հղած բողոքի նոտային։ 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր պատասխանում վստահեցրել է, թե արտահանձնումը կատարվել է դատապարտված անձանց հանձնման մասին 1983 թվականի ստրասբուրգյան կոնվենցիային համապատասխան։ Բացի այդ, ըստ պաշտոնական Բաքվի, հիշյալ կոնվենցիայի 12-րդ կետի համաձայն` կողմերից յուրաքանչյուրը իրավասու է փոփոխել դատապարտյալի պատժի աստիճանը եւ ներում շնորհել նրան։ Ավելին, Ադրբեջանի պնդմամբ, Սաֆարովին ներում շնորհելը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, որի դրույթներից մեկով ամրագրված է ներում շնորհելու` նախագահի անխզելի իրավունքը։

Պաշտոնական Բուդապեշտը Բաքվին նոտա էր հղել անցած կիրակի օրը` հայտարարելով, մասնավորապես, որ ցնցված է, անընդունելի է համարում եւ դատապարտում Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի քայլը, որը «հակասում է միջազգային իրավունքին եւ խիստ հակադրության մեջ է Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից Հունգարիայի արդարադատության նախարարությանը հղված 2012 թվականի օգոստոսի 15-ի նամակով ամրագրված խոստման հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG