Մատչելիության հղումներ

logo-print

Ռասմուսեն. Սաֆարովի էքստրադիցիան համապատասխանում է միջազգային նորմերին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ԵՊՀ-ում բողոքի ակցիայով դիմավորեցին, 6-ը սեպտեմբերի, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ԵՊՀ-ում բողոքի ակցիայով դիմավորեցին, 6-ը սեպտեմբերի, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին հինգշաբթի օրը Երեւանի պետական համալսարանում դիմավորեցին բողոքի ակցիայով: Համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվել էր ուսանողների հոծ զանգված, ովքեր պաստառների միջոցով եւ աղաղակելով հայտնում էին իրենց դժգոհությունը ադրբեջանական բանակի սպա Սաֆարովի արտահանձման, ապա ներում շնորհելու վերաբերյալ:

Ուսանողներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից պահանջում են ճիշտ գնահատական տալ տեղի ունեցածին:

«Հունգարիան ուղղակի ստոր բան է արել, հետեւել է իր շահին եւ Ադրբեջանի հետ մտել է գործարքի մեջ: Ու հիմա այս պահի դրությամբ այն մարդը, ով կացինով սպանել է մեր հայրենակցին, ազատ ման է գալիս Ադրբեջանում, ազգային հերոս է այնտեղ», - ասաց ուսանողը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչը Երիտասարդ համալսարանականների միավորում կազմակերպությունն էր:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հանդիպումների դահլիճում համալսարանականների հետ հանդիպմանը Անդերս Ֆոգ Ռասմուսենը կրկնեց այն, ինչ ավելի վաղ ասել էր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Ես խորապես մտահոգված եմ ադրբեջանական բանակի սպա Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի որոշմամբ: Նրա կատարածը սարսափելի հանցագործություն էր, որը չի կարող փառաբանվել: Նրան ներում շնորհելը խարխլում է վստահությունը եւ չի նպաստում խաղաղության գործընթացին», - ասաց նա:

Ելույթից հետո ուսանողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Ռասմուսնը ընդգծեց, որ ո'չ ՆԱՏՕ-ն, ո'չ էլ Հունգարիան պատասխանատու չեն կատարված հանցագործության համար:

«Դա հանցագործություն էր կատարված մեկ անհատի՝ ադրբեջանական բանակի սպայի կողմից: Հունգարիայում նրան դատել են եւ վերաբերել այնպես, ինչպես պահանջում է օրենքը», - ընդգծեց Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շարունակեց, որ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան տեղափոխումը կատարվել է, ըստ համաձայնության, որը համապատասխանում է միջազգային նորմերին եւ ստանդարտներին:

Այս հարց ու պատասխանին նախորդած ելույթը ուղղված էր ուսանողներին. գլխավոր քարտուղարը խոսեց ՆԱՏՕ-ի առաքելություն, ՆԱՏՕ - Հայաստան համագործակցության մասին: Նա ՆԱՏՕ-ն անվանեց պատմության ընթացքում գոյություն ունեցած ամենահաջողակ միությունը:

Ելույթ ունեցավ նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ դատապարտելով Սաֆարովի արտահանձնումը, ապա ներումը` Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիեւի կողմից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG