Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղը նամակ է հղել ԵԱՀԿ-ի գործող նախագահին


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Էյմոն Գիլմորին: Այդ մասին այսօր տեղեկացնում է Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին եւ այդ երկրում նրան ներում շնորհելը հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում եւ քաջալերում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականությունը, ինչը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ մի շարք այլ քաղաքներում ու հայաբնակ վայրերում կատարված հայերի ջարդերի շարունակությունն է», - ասված է, մասնավորապես, նամակում: - «Ադրբեջանը կրկին ցուցադրեց, որ մտադիր չէ հետեւել ինչ-ինչ պարտավորությունների, այդ թվում` միջազգային, եւ նրա հիմնական նպատակն է հերթական ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) նկատմամբ եւ ամբողջովին բնաջնջել նրա բնակչությանը: Այդ կապակցությամբ դարձյալ հաստատվում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է վարվել` ընտրելով անկախ, ժողովրդավար եւ ուժեղ պետություն կառուցելու ուղին»:

Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնում, որ «ԵԱՀԿ-ն եւ նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին եւ կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից եւ նացիզմի գաղափարախոսությունից»:

«Մենք` մեր հերթին, վերստին հավաստում ենք մեր հավատարմությունը ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` միաժամանակ հայտարարելով, որ մենք ի զորու ենք պաշտպանել մեր երկիրը եւ նրա ազատության ու անկախության նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված տալ ագրեսորին», - Էյմոն Գիլմորին գրել է Վասիլի Աթաջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG