Մատչելիության հղումներ

Հայկական կողմը շարունակում է հազար խորանարդ մետր բնական գազը «Գազպրոմ»-ից գնել 180 ԱՄՆ դոլարով:

«Գազի գինը չի փոխվել», - այսօր Կառավարության ընդունելությունների տանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նման հավաստիացում արեց Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ հավելելով․ - «Գնում ենք 180 դոլարով»։

Մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում վերջերս հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 1 միլիարդ 95 միլիոն խորանարդ մետր բնական գազ (1 095 882 000 խորանարդ մետր)` դրա դիմաց վճարելով 240.8 միլիոն (240 840 500) ԱՄՆ դոլար: Նշված գումարը ներմուծված գազի ծավալի վրա բաժանելիս ստացվում է, որ հազար խորանարդ մետր բնական գազը Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է գրեթե 220 ԱՄՆ դոլարով:

Արմեն Մովիսիսյանը այսօր այդպես էլ չմեկնաբանեց Մաքսային ծառայության հրապարակած տվյալները։

Իր հերթին՝ «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, պատասխանելով գազի թանկացման մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց․ - «Իրականում չկա նման բան»։

Մինչդեռ տնտեսագետ, «Օրակարգ» պարբերականի մեկնաբան Արմենակ Չատինյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հղում անելով Մաքսային ծառայության տվյալներին, կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի ստիպված են թաքցնել գազի թանկացման վերաբերյալ տեղեկատվությունը:

«Որովհետեւ ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի իշխանությունները ցանկանում են սուբսիդավորել բնական գազը։ Այսինքն, Հայաստանի համար գազի գինը թանկանում է, բայց վերջնական սպառողի վրա դա չի անդրադառնա եւ դա իշխանությունները փորձել են անել՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունները, որ մենք պետք է ունենանք փետրվարին», - նշեց Արմենակ Չատինյանը։ - «Դրա դիմաց Հայաստանի իշխանությունները փոխանցելու են «Գազպրոմին» «Հայռուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերի մի մասը։ Մոտավոր հաշվարկներով դա կազմում է 10-ից 8 տոկոս», - հավելեց տնտեսագետը։

Այսօր մենք դիմեցինք նաեւ Պետեկամուտների կոմիտե` ներմուծված գազի գնի հետ կապված մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով: Այնտեղից խոստացան արձագանքել ավելի ուշ:

Ինչ վերաբերում է ռուսական «Գազպրոմ»-ի արձագանքին՝ ընկերության մամուլի ծառայությունից փոխանցում են, թե Հայաստան արտահանվող գազի գնի մասին տեղեկությունը կոմերցիոն գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման:
XS
SM
MD
LG