Մատչելիության հղումներ

Տեղի ունեցածը «չպետք է ստվեր գցի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ ասուլիսում, 6-ը սեպտեմբերի, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ ասուլիսում, 6-ը սեպտեմբերի, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանն ականատես եղավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնական` արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատման եւ այլ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը: Դա, սակայն, ըստ Սերժ Սարգսյանի, չպետք է ստվեր գցի Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունների վրա:

Ոճրագործը դատապարտվել էր ցմահ բանտարկության եւ թվում էր, թե արդարության սկզբունքին արժանին է մատուցվել, սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցածը մարտահրավեր է առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց համար, հայտարարեց նախագահը` ընդգծելով, որ Սաֆարովին ներում շնորհելու հրամանագիրը նրան արդարացնելու բովանդակություն էր պարունակում:

«Աշխարհի որեւէ երկրում ներում շնորհելուն չի հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգեւատրում: Աշխարհի որեւէ երկրում հանցագործության համար պատիժ կրելը չի համարվում աշխատանք կամ ծառայություն: Բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին եւ կոչում շնորհեցին: Սա՛ է խնդիրը», - ասաց նախագահը:

Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում, Սերժ Սարգսյանի խոսքով, տեղի էր ունենում ապշեցուցիչ բացահայտ ցինիզմով եւ միջազգային նորմերի ոտնահարմամբ:

«Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի: Սա անընդունելի, մերժելի եւ դատապարտելի մի երեւույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: Այն միանշանակ եւ աներկբայորեն պետք է արժանանա համընդհանուր դատապարտման` ուղերձ հղելով արդարության հաստատման եւ անպատժելիության բացառման», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահ շնորհակալություն հայտնեց բոլոր հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն դրսեւորեցին եւ նեցուկ եղան հայ ժողովրդին: Սերժ Սարգսյանը շեշտեց, որ Հունգարիայի կառավարությունը չէր կարող չիմանալ, չկանխատեսել, որ Սաֆարովը հերոսացվելու է Բաքվում, քանի որ այդ մասին խոսվել էր բազմիցս, եւ Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները:

Հայաստանի նախագահը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի այս աղաղակող կեցվածքի եւ գործողությունների համար հիմք է ծառայել մի շարք գնահատականներում դրսեւորված չակերտավոր քաղաքական կոռեկտությունը:

«Մենք տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձեւակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը», - ասաց նախագահը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախագահականում վերահաստատեց իր խորը մտահոգությունը Ադրբեջանի որոշման հետ կապված` ներում շնորհել հանցագործին: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վաղը Բաքվում սեղմելու ներման հրամանագիրը ստորագրած նախագահի ձեռքը, Ռասմուսենն ասաց, թե Ալիեւին փոխանցելու է պարզ ուղերձը, որ այդ ահավոր եւ ողբերգական միջադեպը հանցագործություն է, որը չպետք է փառաբանվի:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բարձր գնահատեց, մատնացույց անելով Աֆղանստանում եւ Կոսովոյում Հայաստանի առաքելությունները:

«Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն արժեքավոր գործընկեր են միմյանց համար: Այժմ մենք հնարավորություն ունենք կառուցելու էլ ավելի ուժեղ գործընկերություն: Դա հնարավորություն է, որ պետք է օգտագործենք: Մենք երկուսս էլ կշահենք դրանից, եւ դրանից կշահի նաեւ ողջ տարածաշրջանը», - ասաց նա:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը համատեղում անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ասաց, որ առայժմ դա հաջողությամբ է ստացվում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է երկրի շահերից եւ Հայաստանը իր գործողություններով չպետք է տեղիք որեւէ հակադրության, հարաբերությունների սրման:

«Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում համարում ենք մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղկացուցիչ, կարեւոր մաս: Մենք դա արել ենք գիտակցված եւ հիմա էլ հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքներին եւ գաղափարներին, բայց ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են: Առավել եւս չեմ հավատում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն: Ընդհակառակը, այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության», - ասաց Սարգսյանը:
XS
SM
MD
LG