Մատչելիության հղումներ

Ամերիկացի օրենսդիրները դատապարտում են Բաքվին


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին երեկ դատապարտել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

«Ես ցնցված եւ սարսափած եմ, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունեց վերադարձող Սաֆարովին, այլեւ ներման արժանացրեց, առաջ քաշեց եւ հերոսացրեց նրան», - Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` ասված է Քերիի հայտարարությունում։

Մասաչուսեթսը ներկայացնող դեմոկրատ սենատորը ընդգծել է, որ «անհարկի սադրիչ ակտը վտանգում է այս երկրների միջեւ փխրուն խաղաղությունը եւ վնասում Ադրբեջանի կառավարության վստահելիությունը»։

Հայ դատի գրասենյակի Արեւելյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավար, Մասաչուսեթսի բնակիչ Միշել Հակոբյանը ամերիկահայերի անունից ողջունել է Քերիի հայտարարությունը, երախտագիտություն հայտնել սենատորին «անարդարության դեմ սկզբունքային կեցվածքի համար» եւ կոչ արել նրան ու նրա գործընկերներին` «ի շահ խաղաղության, այժմ գործել Ադրբեջանին Միացյալ Նահանգների ռազմական ամեն տեսակի օգնությունը, վաճառքները կամ փոխանցումները դադարեցնելու ուղղությամբ»։

Հայ դատի գրասենյակը նշում է, որ շաբաթասկզբին Ադրբեջանի կողմից մարդասպանի ազատ արձակումը եւ փառաբանումը դատապարտել էին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ ներկայացուցիչներ Հենրի Ուաքսմանը, Հովարդ Բերմանը, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, իսկ ավելի վաղ դատապարտող հայտարարություններով էին հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը եւ ազդեցիկ կոնգրեսական Բրեդ Շերմանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի հեղինակ Ադամ Շիֆը: Թվարկված բոլոր կոնգրեսականները Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG