Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյան. «Պետք է ունենայինք ոչ միայն դատապարտում»


Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան

«Ազգային ժողովի կողմից արված հայտարարությունը այսօր անկախ պետության խորհրդարանին հարիր չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Փոստանջյանը միակ պատգամավորն էր, ով դեմ քվեարկեց չորեքշաբթի օրը արտահերթ նստաշրջանում 96 կողմ ձայներով Ազգային ժողովի ընդունած` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու, ապա ազատ արձակելու կապակցությամբ հայտարարությանը։

«Մենք պետք է ունենայինք ոչ միայն դատապարտում, այլ նաեւ հստակ գործունեություն եւ գործունեությունների ծրագրի հրապարակում` հայտարարության տեսքով, որը չարվեց այս հայտարարությամբ», - կարծում է ընդդիմադիր պատգամավորը։

«Ես կոնկրետ առաջարկել էի, որ ամենանվազագույնը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այնուհետ` գործադիր իշխանությունից պահանջել ռազմական օգնության պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, եւ պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին` հայ - թուրքական արձանագրություններից ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու վերաբերյալ։ Սրանք առնվազն պետք է ներառված լինեին հայտարարության մեջ», - պնդում է Զարուհի Փոստանջյանը։

Նրա համոզմամբ` Ազգային ժողովի հայտարարության մեջ չպետք է ընդհանրապես ընդգրկվեր դրույթը, թե «Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Փոստանջյանի խոսքերով` Ղարաբաղը վաղուց արդեն անկախ պետություն է։

«Որեւիցե մեկը մեզանից իրավունք չունի հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հանրապետությունները, ապագաղութացման արդյունքում 20 տարվա ընթացքում ձեւավորվել եւ գոյություն ունի որպես անկախ պետականություն։ Մենք ո՞վ ենք, որ նրան ասենք, որ «դու չես կարող լինել Ադրբեջանի կազմում»։ Մեր հայտարարությամբ դա մենք հայտնե՞նք` դրա իրավունքը մենք չունենք», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG