Մատչելիության հղումներ

ԵԴ-ի դիրքորոշումը «ուղիղ ազդեցություն կունենա մարտի 1-ի գործերի վրա»


ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում հանրահավաքում, արխիվ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում հանրահավաքում, արխիվ

Եվրադատարանում Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանի դիմումի վերաբերյալ Եվրադատարանի դիրքորոշումը ուղիղ ազդեցություն եւ հետեւանքներ կունենա մարտի 1-ի գործերի քննության վրա:

2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան առաջին նախագահի ներկայացրած դիմումի քննության շրջանակներում դատարանը հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը: Հարցերին պատասխանելու վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է, որից հետո կառավարության դիրքորոշումը փոխանցվելու է դիմող կողմին, նրանց պատասխանները ստանալուց հետո Եվրադատարանը վճիռ կկայացնի:

Փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն ուղարկված հարցադրումներում մասնավորապես հետաքրքրվել է, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան խաղաղ հավաքը ցրելով արդյոք չի խախտվե՞լ խաղաղ հավաքներ անցկացնելու` Տեր-Պետրոսյանի իրավունքը, արդյոք մարտի 1-ի առավոտյան նա հարկադրաբար տեղափոխվե՞լ է Ազատության հրապարակից եւ ենթարկվել տնային կալանքի, եւ եթե այո, ապա արդյոք դրանով չի խախտվե՞լ նրա անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքը, եւ երրորդ՝ արդյոք դրանով Տեր Պետրոսյանի նկատմամբ չի ցուցաբերվե՞լ խտրական վերաբերմունք:

Դիմող կողմը պնդում է, որ մարտի 1-ի առավոտյան Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու եւ շուրջ 20 օր նրան տնային կալանքի տակ պահելու համար այդպես էլ որեւէ իրավական հիմք, նույնիսկ որեւէ փաստաթուղթ, որոշում չի ներկայացվել, այսինքն նրա ձերբակալությունն ու ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը եղել են բացարձակապես առանց հիմքերի:

«Ոչ մի հիմք, ոչ մի պաշտոնական պարզաբանում... բացառությամբ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան «Հայլուր» լրատվական թողարկման միջոցով Ազգային Անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության, որ առաջին նախագահի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվել է` նրա անվտանգության նկատառումներից ելնելով: Որեւէ այլ իրավական հիմք չի եղել ոչ ձերբակալելու, ոչ ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու», - ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք համարո՞ւմ են, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հետ չի առնչվել, փաստաբանը պատասխանեց. - «Բացարձակապես կապ չի ունեցել նրա անվտանգության հետ: Համենայնդեպս, առ այսօր կառավարությունը որեւէ հստակ պարզաբանում չի էլ տվել, թե ի՞նչ անվտանգության միջոցառման մասին էր խոսքը եւ ի՞նչ վտանգի մասին էր խոսքը: Ավելին, մարդուն անվտանգության նկատառումների հիմնավորմամբ իր տանից 20 օրից ավելի բաց չթողնելով (այն դեպքում, երբ նրան ուղեկցում էին ԱԱԾ սպաներ), այդ ողջ ընթացքում նրա անվտանգության սպառնացող աղբյուրները չբացահայտելով եւ մեղավորներին պատասխանատվության չենթարկելով` կառավարությունն ուղղակի փաստել է, որ նրա անվտանգության հետ կապված բացարձակապես խնդիր չկար: Խնդիրն ամենեւին էլ իրավական դաշտում չէր»:

Գրիգորյանն ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանը 2008-ի օգոստոսի 30-ին Եվրադատարան ներկայացված դիմումում եւ հետագայում այդ դիմումի լրացումներում ներկայացրել է բացառապես մեկ պահանջ՝ ճանաչել իր կողմից հայտարարված իրավունքների խախտումները: Նա որեւէ ֆինանսական փոխհատուցում չի պահանջել:

«Առաջին նախագահը հետեւողականորեն որեւէ պահանջ չի ներկայացրել այդ կապակցությամբ: դրա մասին ուղղակի ծիծաղելի է խոսելը: Երբեք նման պահանջի մասին նույնիսկ քննարկում չի եղել: Սա չի նշանակում, որ չեն եղել պատճառված նյութական եւ բարոյական վնասներ, ծախսեր, բայց առաջին նախագահը երբեք չի պահանջել դրանք», - ասաց փաստաբանը:

Գրիգորյանը ընդգծեց, որ Եվրադատարան ուղարկված դիմումի նպատակը ոչ միայն առաջին նախագահի նկատմամբ թույլ տրված իրավունքի խախտումը ճանաչելն ու դրան իրավական հետեւանք տալն է, այլ դա ընդդիմադիրներին հնարավորություն կտա ԵԴ-ի նախադեպային որոշումների հիման վրա մարտի 1-ի գործերով նոր վարույթներ սկսել Հայաստանի ներպետական ատյաններում: Փաստաբանր համոզմամբ` այս գործով Եվրադատարանի վճիռը լուրջ ազդեցություն կունենա նաեւ հատուկ Քննչական ծառայությունում Մարտի մեկի սպանությունների գործի քննության վրա:

Ընդգծելով, որ սա եզակի դեպք չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատմության մեջ, երբ երկրի նախկին նախագահը բողոք է ներկայացնում երկրի կառավարության գործողությունների դեմ, Վահե Գրիգորյանը խոսեց նաեւ դրա այլ նշանակության մասին. - «Ճշգրիտ պատմության արձանագրումը առաջնային խնդիրներից մեկն է: Եթե 20 տարի հետո փորձենք նայել, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ը կառավարության աղբյուրներով, կթվա, թե թշնամական բանակի դեսանտ է եկել, մտել Հայաստան, ինչ ասես արել է, եւ ի վերջո իշխանություններին հաջողվել է շատ մեղմորեն կանխել…. Չպետք է թույլ տալ, որ պատմությունը կեղծվի»:
XS
SM
MD
LG