Մատչելիության հղումներ

Սաֆարովի հարցը կարող է հայտնվել Եվրախորհրդարանի օրակարգում


Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում
Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում

«Եվրոպական ժողովրդավարության մեջ չես կարող փողով արդարադատություն գնել», - ընդգծում է բրիտանացի խորհրդարանականը։

Եվրախորհրդարանի պատգամավոր, բրիտանացի Չարլզ Թանոքը խոստանում է հնարավորության դեպքում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման հարցը ներառել Եվրախորհրդարանի՝ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում սկսվող նստաշրջանի օրակարգում։ Այդ մասին եվրոպացի պատգամավորն ասել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակին՝ ընդգծելով, որ ինքը ցնցված եւ սարսափած է տեղի ունեցածից։

«Կարծում եմ, դա բացարձակապես ամոթալի եւ տխուր օր էր արդարության համար թե՛ Ադրբեջանում, թե՛ Հունգարիայում, որը որպես Եվրամիության անդամ երկիր պետք է պահպաներ ամենաբարձր չափանիշները։ Սառնասրտորեն սպանություն իրականացրած անձը, ինչպիսին Սաֆարովն է, պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի կամ առնվազն երկարաժամկետ ազատազրկման։ Եվ երբ Հունգարիայի իշխանությունները արտահանձնում էին նրան Ադրբեջանին, պետք է իմանային, որ մեծ է Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու հավանականությունը», - հայտարարել է Թանոքը։

Բրիտանացի պատգամավորը, ով նաեւ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, փաստում է, որ դատապարտյալին էքստրադիցիայի ենթարկելուց առաջ Հունգարիան պետք է երաշխավորեր, որ նա շարունակելու է պատժի կրումը հայրենիքում։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն առանց այդ էլ լարված են, իսկ սա շատ վնասարար եւ սադրիչ քայլ էր Ադրբեջանի կողմից», - ասում է եվրոպացի պատգամավորը։

«Ես ծանոթ եմ մեղադրանքներին, որոնց համաձայն, Հունգարիան համաձայնել է այդ քայլին ֆինանսական որոշակի աջակցության դիմաց։ Եթե դա իսկապես իրականություն է, ապա խայտառակություն է։ Եվրոպական ժողովրդավարության մեջ չես կարող փողով արդարադատություն գնել, եւ եթե դա այդ փաստը ապացուցվի, հուսով եմ, Եվրամիության անդամ բոլոր երկրները եւ կառավարությունները կփոխանցեն Բուդապեշտին, որ դա անընդունելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի՝ մեծությամբ հինգերորդ` Պահպանողականների եւ բարեփոխականների խմբակցության անդամ Չարլզ Թանոքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG