Մատչելիության հղումներ

Սիրիայում զոհված զինծառայողի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել


Ծովինար Հայրապետյան

Ծովինար Հայրապետյան

Ծովինար Հայրապետյանը երեւանյան վարձով բնակարանում մի անկյուն է առանձնացրել, որտեղ ամեն շաբաթ խունկ է ծխում սիրիական բանակում զոհված որդու հիշատակին:

Ծովինարի որդին` զինծառայող Վիգեն Հայրապետյանը առաջին հայն էր, որ զոհվեց սիրիական հակամարտության հետեւանքով:

24-ամյա Վիգենը համալսարանն ավարտելուց հետո բանակ էր զորակոչվել: Նրա մահվանից հետո ընտանիքը որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան: Մայրն ասում է, որ դեպքից հետո Հալեպն իրենց ու հատկապես մյուս երկու որդիների համար ապահով վայր չէր:

«Մեր աս դժբախտությունե վերջը տղաքը չուզեցին հոն ձգենք, որ անպայման բանակեն ազատենք` մանավանդ Արմանը, իսկ Մովսեսը արդեն պետական բժիշկ է, եւ թաղամասի հիվանդանոցի հետ հարցեր շատ կային, ուզեցինք, որ անպայման ելնել այդտեղեն, որովհետեւ վտանգ կար, մանավանդ որ մենք նահատակ ունեցել ենք», - ասում էր Ծովինարը:

Ընտանիքը արդեն մեկ ամսից ավելի է ինչ Հայաստանում է: Մինչ պատերազմը հայրենիք պարբերաբար որպես հյուր այցելող ընտանիքն այսօր փորձում է հարմարվել հայաստանյան իրականությանը: Հալեպում թողած մեծ ու հարմարավետ տանը այժմ փոխարինում է վարձով փոքր բնակարանը: Ծովինարի համար առավել դժվար է, քանի որ որդու գերեզմանը Հալեպում է:

«Եվ մեր ծնողների գերեզմանները կան, մեր տուները, մեր կալվածները, մեր հուշերը, մեր մանկությունը հոն անցուցեր ենք, մեր շրջանակը, միջավայրը, բայց ավելի տաք, ավելի շեշտված կետը, որ կուզեմ մոտ ըլլալ, տղուս գերեզմանն է», - ասաց Ծովինարը:

Վիգենը նրանց միջնեկ որդին էր: Մեծ որդին` 28-ամյա Մովսեսը, Հալեպում պետական հիվանդանոցի բժիշկ էր, իսկ փոքրը` 19-ամյա Արմանը, դեռ ուսանող է, նա արդեն հայաստանյան բուհ է հաճախում: Մովսեսն իր ապագան ավելի շատ դրսում է տեսնում, քան Հայաստանում: Բժշկական բարձրագույն կրթությունը շարունակելու, մասնագիտանալու համար Հալեպում նա պետական հիվանդանոցում էր աշխատում, Սիրիայի կառավարությունը հոգում էր ուսման ծախսերը, իսկ Հայաստանում կարգն այլ է, Մովսեսն այստեղ պետք է վճարի:

«Ամերիկայի Միացյալ Նահանգներում անվճար է, բայց մինչեւ այնտեղ հասնելը պիտի ահագին փուլեր անցնես», - ասում է նա:

Հալեպում գործարարությամբ զբաղվող հայրը` Ասատուրը, չի կարող աջակցել որդուն, քանի որ Սիրիայում գտնվող գործարանը պատերազմի պատճառով երեք ամիս է փակ է, իսկ Հայաստանում նոր գործ սկսելու գաղափարը դեռ իրագործված չէ: Ասատուրն ու ընկերները Հալեպում զբաղվում էին շինարարական նյութերի ու իրերի արտադրությամբ:

Հայաստան տեղափոխվելուց հետո Ասատուրը չի աշխատում: Նա մտադիր է Հալեպում 1990-ականներին սկսած գործը բացել նաեւ Հայաստանում: Ասում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է կոնկրետ աջակցություն ցուցաբերի սիրիահայերին: Լավ ընդունեց մեզ, բայց ռեալ օգնություն է պետք, ասում է նա:

«Գոնե հինգ տարի գործարարից տուրք չառնե, կամ իրեն առաջարկե, ասենք, գնա Ստեփանավան, կամ գնա Գյումրի, կամ գնա մահամերձ գյուղերը, եւ այնտեղ գործ ստեղծի եւ մենք քեզմե տասը տարի տուրք չպիտի ստանանք», - ասում է Ասատուրը:

Ընտանիքը դեռ չի որոշել, թե ինչպես կվարվի Սիրիայում խաղաղություն հաստատվելուց հետո: Նրանց մտահոգությունն այն է, որ Սիրիայի իշխանությունների փոխվելու պարագայում իրենց որդուն դավաճան չանվանեն:
XS
SM
MD
LG