Մատչելիության հղումներ

Հայաստանը բարելավել է դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույցում


Հայաստանը 10 կետով բարելավել է դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույցում եւ 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը:

Այդուհանդերձ, նախորդ 4 զեկույցների պես, այսօր հրապարակված 2012-2013 թվականների Մրցունակության համաշխարհային զեկույցը եւս փաստում է, որ Հայաստանը այս առումով զիջում է հարեւան երկրներին:

Զեկույցն այսօր լրագրողներին ներկայացրեց Համաշխարհային տնտեսական համաժողովի (որը հրապարակում է այս զեկույցները) հայաստանյան գործընկեր կառույցի` «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը` մատնանշելով զեկույցում արձանագրված մրցունակության ոլորտում մեր երկրի առավելություններն ու թերությունները:

Առավելություն է դիտարկվել, ըստ Հովհաննիսյանի, այն, որ մալարիայի եւ ՁԻԱՀ-ի տարածվածության ու ահաբեկչության հետեւանքների ազդեցությունն է շատ փոքր գործարարության վրա, նաեւ` նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակի սակավությունը, պետական քաղաքականության մշակման թափանցիկությունը:

Թերությունների շարքում են տեղական մրցակցությունը, պետության կողմից իրականացվող հակամենաշնորհային քաղաքականությունը, մաքսային գործընթացների բեռը, դատական համակարգի անկախության աստիճանը, որը երկու կետով ավելի ցածր է գնահատվել, քան նախորդ զեկույցում:

«Որոշակի դրական միտումներ, որ գրանցվել են հանրային ոլորտում, դա մակրոտնտեսական կայունության բարելավումն է` հիմնականում ի հաշիվ կառավարելի արտաքին պարտքի եւ բյուջեի դեֆիցիտի: Եվ որոշակի ակտիվություն է նկատվել անցած տարվա դրությամբ հակամենաշնորհային քաղաքականության բնագավառում: Սակայն դեռեւս լուրջ խնդիրներ են կոռուպցիան, մաքսային վարչարարությունը, դատական համակարգի անկախության ցածր մակարդակը եւ պետության կողմից նորարարության խթանման թույլ լինելը կամ բացակայությունը», - նշեց Սեւակ Հովհաննիսյանը:

Չնայած գրանցված առաջընթացին, Հայաստանի բոլոր չորս հարեւանները շարունակում են համարվել ավելի մրցունակ, քան մեր երկիրը: Օրինակ, Ադրբեջանն իր դիրքը բարելավել է 9 կետով եւ զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը, Վրաստանը առաջ է գնացել 11 կետով ու 77-րդ տեղում է:

Նշենք նաեւ, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանից վատ ցուցանիշներ ունեն միայն Մոլդովան, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը:

Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանաի հետ զրույցում ասաց, թե կարեւոր է հատկապես այն հագամանքը, որ ցանկացած երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներ` շուկայում մրցակցության վիճակը, մաքսային բեռը, դատական համակարգի անկախությունը, ըստ զեկույցի, տարիների շարունակ Հայաստանում մնում են վատ վիճակում. - «Հայաստանը որեւէ առաջընթաց այս բնագավառներում չի ունեցել, իսկ ընդհանրապես մրցակցությունը բարձրացնելու համար ավելի կարեւոր բան ես չեմ տեսնում»:

Խոսելով առավելություններից` տնտեսագետն ասաց. - «Այստեղ մի բան է ավելացել. նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակը նվազել է, Հայաստանում այստեղ 8-րդ տեղում է: Սա ընդամենը առաջին տպավորությունից է առաջընթաց. գնացիր, գրանցեցիր, որ դու կարող ես բիզնեսը սկսել, բա հետո՞: Որ կարողացա սկսել, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ես կարող եմ բիզնեսով զբաղվել: Իհարկե ոչ: Այսինքն` ձեւական մոտեցումների առումով առաջընթաց կա, բայց իրական կյանքում որեւէ առավելություն չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG