Մատչելիության հղումներ

ԱԺ-ում հայտարարություն է ընդունվել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի առնչությամբ


Հայտարարությունն ընդունվել է ձայների 96 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ: Դեմ է քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թեեւ «Ժառանգություն» խմբակցությունը միացել է նախագծին։

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հայտարարություն է ընդունվել 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:

Հայտարարությունում Ազգային ժողովը նշում է, որ Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետեւաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները։

Ազգային ժողովն իր հայտարարությունում նաեւ նշում է, որ Ադրբեջանն այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը։ Նաեւ նշվում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Հայաստանի խորհրդարանը նաեւ հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ իրականացված գործարքը, ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները։

Նշենք, որ հայտարարության մեջ որեւէ բան չի ասվում Հայաստանի արտգործնախարարության բացթողումների մասին, թեեւ մի շարք պատգամավորներ իրենց հայտարարություններում անդրադառնում էին հենց այդ հարցին։

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը նշեց, որ կառավարությունը թերացել է իր գործում։

«Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք այս մասին իմանանք ադրբեջանական մամուլից։ Որ մենք սրա մասին իմանանք, երբ արդեն Սաֆարովը ոտքը դրել է իր հայրենիքի հողի վրա։ Ինձ կարո՞ղ է մեկը բացատրել, ինչպե՞ս կարելի է, երբ 15 օր առաջ արդեն հունգարահայ համայնքը ահազանգել է սրա մասին եւ մեր իշխանությունը ոչինչ չի արել», - ասաց Վարդան Օսկանյանը։

Նա նշեց, որ խորհրդարանը պետք է պատասխան պահանջի Հայաստանի պետական գերատեսչություններից կատարվածի համար։

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագետներին խիստ քննադատության ենթարկեց նաեւ ԲՀԿ պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, թե պետք է ազնիվ լինել եւ ասել, թե ինչ կարող էին անել Հայաստանի պատկան մարմինները, բայց չեն արել։ Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը զրուցել է Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողայոս Հակոբյանի հետ, ով նրան փոխանցել է, որ ինքը դեռեւս օգոստոսի 21-ին եւ 22-ին հայ համայնքի հորդորով եկել է Հայաստան, հանդիպել Արտգործնախարարության եւ Սփյուռքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ զգուշացրել էքստրադիցիայի մասին։

«Հարգարժան Արտաքին գործերի նախարարության, ԱԱԾ-ի եւ մյուս պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչո՞վ էիք զբաղված դուք։ Իմ տպավորությամբ, մեր որոշ դեսպաններ խորապես սխալ են հասկանում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գերակայությունները», - հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Հայ ազգային կոնգրեսի անունից ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ չնայած իրենք «կոշտ հակասություններ ունեն իշխանությունների հետ», բայց բարդություններ չեն ստեղծում եւ միանում են նախագծին:

Հայաստանի դիվանագետներին քննադատեց նաեւ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։ Նա իր ելույթում մտահոգիչ համարեց մարդասպանին ազատ արձակելու խնդրի շուրջ միջազգային հանրության արձագանքը, նաեւ եվրոպական մի շարք երկրների լռությունը։

«Ո՞ւր են մեր դեսպանները։ Ո՞ւր է արձագանքը», - հարցնում էր դաշնակցական պատգամավորը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն էլ իր ելույթում նշեց, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունը թերացել է, բայց դա այս նիստի թեման չէ։ Արզումանյանը կարծիք հայտնեց, որ կարելի է հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել, թե ինչու արտգործնախարարությունը որեւէ բան չի արել, այդ թվում՝ ինչու ոչինչ չի արել 2004-2008 ընկած ժամանակահատվածում Հունգարիայում դեսպանատուն հիմնելու համար։

Պատգամավորների հնչեցրած այս մատահոգություններին արտահերթ ելույթում անդրադարձավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ Հունգարիայի իշխանությունները, ի պատասխան Հայաստանի հարցումների, պարբերաբար հերքել են Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հնարավորությունը․ - «Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաեւ օգոստոսի երկրորդ կեսին՝ ներառյալ օգոստոսի 22-ին, օգոստոսի 23-ին, օգոստոսի 24-ին Հունգարիայի արտաքին գործերի, Հունգարիայի արդարադատության նախարարություններից, նաեւ խորհրդարանից։ Այդ հավաստիացումները վերահաստատելու համար օգոստոսի 24-ին մեր կողմից գրավոր հարցում է ներկայացվել Հունգարիայի իշխանություններին։ Այդ հարցման պատասխանի ուշացման պատճառով օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում եւ խորհրդարանում, որոնց ժամանակ կրկին ասվել է, որ նման բան չկա»։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ կասկածելի գործարքի գնացած Հունգարիայի կառավարությունն այժմ փորձում է ներկայացնել Ադրբեջանական կողմից ստացված շինծու մի նամակ՝ ձեւացնելով, թե հավատացել է Ադրբեջանի հավաստիացումներին։ Նալբանդյանի փոխանցմամբ, այժմ Հունգարիան չի կարողանում բացատրել, թե ինչու այդքան հեշտ հավատաց Ադրբեջանի խոստումներին, ինչպես նաեւ չի կարողանում բացատրել, թե ինչու է գործել գաղտագողի։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG