Մատչելիության հղումներ

Հայաստանում է Իրաքի փոխվարչապետը


Երեւան է ժամանել Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Արմեն Գեւորգյանը կարեւորել է այցը երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի խորացման տեսանկյունից ու նշել, որ Հայաստանը պատրաստակամ է Իրաքի հետ համագործակցել բոլոր ոլորտներում: Նա գործակցության համար հեռանկարային է համարել, մասնավորապես, շինարարության, սննդամթերքի վերամշակման, էներգետիկայի, առողջապահության, գիտակրթական ոլորտները, նաեւ տեղեկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերի մասին:

Ռոզ Նուրի Շաուեյսը, իր հերթին, ասել է, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացմանը, եւ տեղեկացրել, որ պատվիրակության կազմում են նաեւ ենթակառուցքածքային ոլորտները ներկայացնող նախարարներ, որոնք պատրաստ են հայ գործընկերների հետ քննարկել գործակցության հեռանկարները: Իրաքյան կողմը, մասնավորապես, հետաքրքիր է համարում համագործակցությունը էներգետիկ, ներդրումային, առողջապահական, գիտակրթական ոլորտներում:

Իրաքի փոխվարչապետը նաեւ հայտնել է Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին:

Հայաստանի փոխվարչապետը ողջունել է այդ մտադրությունը, ինչպես նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Երկու տարի առաջ Հայաստանը վերաբացել է իր դեսպանությունը Իրաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG