Մատչելիության հղումներ

logo-print

Հունգարացիները բողոքում են Սաֆարովի էքստրադիցիայի դեմ


Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Բուդապեշտում` բողոքելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի դեմ, 4-ը սեպտեմբերի, 2012

Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Բուդապեշտում` բողոքելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի դեմ, 4-ը սեպտեմբերի, 2012

Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսվեց շրջանառվել Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված մի փաստաթուղթ, որում ասվում էր, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց 11 օր առաջ` օգոստոսի 20-ին, Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը անձամբ տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությանը, սփյուռքի նախարարությանը եւ Ավստրիայում Հայաստանի դեսպանությանը սպասվող էքստրադիցիայի մասին եւ խնդրել Հայաստանի իշխանություններին անմիջապես քայլեր ձեռնարկել:

Փաստաթղթում ներկայացվածը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:

«Այո, այդ փաստաթուղթը մենք ենք գրել, ստորագրել, մենք իմացել ենք 11 օր առաջ, եւ ես գրեցի Հայաստան, դիմեցի արտգործնախարարություն եւ սփյուռքի նախարարություն», - ասաց Հակոբյանը. - «Մեր Հունգարիայի հայկական միության նախագահը հունգարական պետության ստեղծման տոնի առթիվ պառլամենտ էր հրավիրվել, եւ նա կոնկրետ հարց էր տվել պառլամենտի նախագահին եւ արդարադատության նախագահի տեղակալին, որովհետեւ մենք շատ անհանգստանում էինք, արդեն գիտեինք, որ Ադրբեջանի հետ կապերը Հունգարիայի հետ ամենօրյա էին, ու Սեւան Սարգսյանը անմիջապես հանձնարարեց, որ ես դա հստակ ձեւով տեղեկացնեմ Հայաստանին»:

Ներկայացնելով ներկայումս Հունգարիայում տիրող իրավիճակը` Հակոբյանն ասաց. - «Շատ ահավոր վիճակ է տիրում, ամենուր ցույցեր են, երեկ եղել է շատ մեծ ցույց` մոտ 1500-2000 մարդկանցով: Երեկ մենք ասուլիս ունեցանք, մենք հայտարարել ենք, որ քրեական գործ պետք է հարուցվի, եւ պետք է ամեն ինչ անենք, որ պարզվի, թե ինչ կար այս ամեն ինչի հետեւում»:

Սաֆարովի էքստրադիցիայի հարցում հունգար ժողովուրդը մեղավոր չէ, ասում է հունգարահայ համայնքի ներկայացուցիչը:

«Իրենք շատ մեծ հարգանք ունեն հայերի հանդեպ եւ դա է պատճառը, որ շատ հունգարացիներ դուրս են եկել փողոց», - ասաց Հակոբյանը` հավելելով, որ որբաթ օրն էլ հայ համայնքն է պատրաստվում բողոքի ցույց անել Բուդապեշտում:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ հունգարահայ համայնքի ներկայացուցիչն իսկապես եղել է նախարարությունում եւ տեղեկացրել, որ Հունգարիան մտադիր է էքստրադիցիայի ենթարկել Սաֆարովին:

«Սփյուռքի նախարարությունը չէր կարող այդ պահին այդ լուրը ընդունել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն, դա լուրերի մակարդակով էր, բնականաբար, մենք պետք է տեղյակ պահեինք համապատասխան մարմիններին ստուգելու դրա իսկությունը: Դա արվել է, հարցում է արվել հունգարական իշխանություններին, նրանք հավաստիացրել են, որ նման բան չի կարող տեղի ունենալ», - ասաց Զաքարյանը:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ ասաց, որ կատարվածի առնչությամբ իրենց դիրքորոշումն արտահայտել են նախկինում հնչեցված հայտարարություններում:

«Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակը, հետեւողականորեն եւ մինչեւ վերջին պահը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ որեւէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը եւ հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որեւէ տարբերակ», - ասված էր նախարարության ավելի վաղ տարածած հայտարարությունում:
XS
SM
MD
LG