Մատչելիության հղումներ

Հունգարիան ընդունել է Շվեյցարիայի միջնորդության առաջարկը


Հունգարիայի Յանոշ Մարտոնյի

Հունգարիայի Յանոշ Մարտոնյի

Շվեյցարիայի արտգործնախարարը Հունգարիային օգնություն է առաջարկել Հայաստանի հետ կասեցված հարաբերությունները հարթելու հարցում։

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը Շվեյցարիա կատարած իր այցի ընթացքում իր շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալթերն օգնություն է առաջարկել Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ կասեցված հարաբերությունները հարթելու գործում։

«Հունգարիան ընդունել է ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի պատճառով Հայաստանի հետ վեճը հարթելու հարցում Շվեյցարիայի միջնորդական առաջարկը»,- Հունգարիայի պետական ռադիոյի եթերում այսօր հայտարարել է Մարտոնին, - «Շվեցարիան՝ իբրեւ չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, եւ Հունգարիան բոլոր հնարավոր ձեւերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար»։

Հունգարիայի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը «խախտել է խոստումը» եւ ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ «ցավալի փաստը պետք է դատապարտվի»։

Մարտոնին հայտարարել է, թե ադրբեջանցի զինվորի հարցում, Հունգարիան «բարեխղճորեն է գործել եւ Ադրբեջանի հետ տնտեսական որեւէ նկատառում չի ունեցել»։

«Այժմ ամենակարեւորն այն է, որպեսզի հայերը հասկանան՝ Հունգարիան նրանց միշտ համարել է բարեկամ», - ասել է Հունգարիայի արտգործնախարարը։

Մեկնաբանելով Շվեյցարիայի հնարավոր միջնորդության լուրը` Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Չեմ կարծում, որ այստեղ միջնորդության կարիք կա, այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»:

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիեւի կողմից: Ի պատասխան՝ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG