Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Տարածաշրջանային այցով այսօր Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Երկօրյա այցի ընթացքում Ռասմուսենը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Անդերս Ֆոգ Ռասմուսենը կլինի նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում:

Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած առաջին այցը չէ:

2003 թվականի մայիսին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Հյուսիսատլանտյան դաշինքի այն ժամանակվա ղեկավար Ջորջ Ռոբերտսոնը: Վերջինս հայաստանյան իր հանդիպումների ընթացքում Հարավային Կովկասը գնահատել էր որպես համընդհանուր անվտանգության առումով «առանցքային կարեւորություն ունեցող» տարածաշրջան:

2004-ի նոյեմբերին Երեւան էր ժամանել դաշինքի ղեկավար Յաափ դե Հոոպ Սխեֆերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի այսօրվա այցը, սակայն, տեղի է ունենում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից արտահանձնման եւ Բաքվում վերջինիս ներում շնորհելու հարուցած քաղաքական եւ հասարակական հուզումների ֆոնին: Տեղի ունեցածին արդեն իսկ արձագանքել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու Եվրամիությունը: Մինչդեռ ՆԱՏՕ-ից պաշտոնական որեւէ արձագանք դեռեւս չի հնչել:

Ռասմուսենի այցի կապակցությամբ այսօր Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ տեղի ունեցավ բողոքիակցիա: Այն կազմակերպել էին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միությունները: Ակցիան, որին մասնակցում էին մի քանի տասնյակ երիտասարդներ, գրեթե ընթացք չունեցավ, քանի որ տեղում հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Երեւան հետաձգվում է։

Հետաձգման առնչությամբ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից փոխանցեցին, որ տեխնիկական պատճառներով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով, եւ նախատեսված հանդիպումները կկայանան վաղը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշեցին, որ պատրաստվում են իրենց բողոքի ակցիան կշարունակեն վաղը։ Նրանք նաեւ նշեցին, որ ՆԱՏՕ-ից իրենց պահանջների թվում են տեղի ունեցածի վերաբերյալ գնահատական հնչեցնելը, Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ի անդամությունը սառեցնելը, տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն անցկացնելը։
XS
SM
MD
LG