Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ի ներկայացուցիչը` Սիրիայի իրավիճակի մասին


Սիրիա - Իրավապաշտպան Աննա Նեյստատը Հալեպում ավերակ դարձած շենքերի հարեւանությամբ
Սիրիա - Իրավապաշտպան Աննա Նեյստատը Հալեպում ավերակ դարձած շենքերի հարեւանությամբ
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հարցազրույց է տվել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Աննա Նեյստատը, ով փաստահավաք առաքելությամբ մեկ ամիս եղել է Հալեպում ու քաղաքից հյուսիս ընկած բնակավայրերում:

Նրա պատմելով` Հալեպում ճակատային գիծը բավականին հստակ է ձեւավորվել: Այնտեղ փողոցային մարտեր են ընթանում, երեք շաբաթվա ընթացքում ճակատային գիծը համարյա չի փոխվել: Ճակատային գծի մոտ քաղաքացիական բնակչություն չի մնացել, բոլորը հեռացել են:

«Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը, հասկանալով, որ չի կարողանում հաղթել ապստամբներին, անելանելիությունից օգոստոսին Հալեպում առաջին անգամ սկսեց ակտիվորեն օգտագործել օդուժը: Եվ դա մենք ամենուր տեսել ենք, դա կատարվում էր կանոնավոր, ամեն օր», - նշել է իրավապաշտպանը` հավելելով, թե երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ հարձակում է կատարվում քաղաքացիական օբյեկտների վրա, մասնավորապես` հիվանդանոցների, կամ` հացի հերթերի վրա:

Աննա Նեյստատը պատմում է, որ եղել են ռմբակոծության ենթարկված վայրերում, մասնավորապես` Հալեպի մի հիվանդանոցում, որը գործում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Դեղորայք ու սարքավորումներ գրեթե չկան, բայց բժիշկներն աշխատում են փրկել` ում դեռ հնարավոր է: Նա նկարագրում է, որ դա վեցհարկանի շենք է, վերեւի հարկերը ավերվել են ռմբահարումներից, բժիշկներն առաջին հարկ ու նկուղ են իջել, ռմբահարումները շարունակվում են:

Աննա Նեյստատը պատմում է, որ Հալեպից իրենց դուրս գալու օրը եւս օդուժը հերթական հարձակումն էր կատարել, օդաչուները վրիպել էին, բայց կործանվել էր հարեւան տունը, արդյունքում` երկու մարդ էր զոհվել, 17-ը` վիրավորել, այդ թվում` 10 երեխա:

Նա նշում է, որ այս հակամարտությունում սպանված ու վիրավորված երեխաները շատ մեծ թիվ են կազմում:

Աննա Նեյստատը պատմում է, որ Հալեպում հացը չի բավականացնում, հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում, ու այդ ժամանակ էլ սկսվում է հրետակոծությունը: Մի հարձակման ժամանակ` օգոստոսի 16-ին, 60 մարդ է զոհվել, 76-ը` վիրավորվել:

Իրավապաշտպանը նշում է, որ իրենց փաստահավաք առաքելության ընթացքում արձանագրել են նաեւ մարդու իրավունքների խախտումներ ապստամբների կողմից:

Առանց դատարանների որոշումների ապստամբները մահապատիժներ են իրականացնում, փաստացի հաշվահարդար են տեսնում։

Նա եղել է նաեւ ապստամբների բանտերում, որտեղ պահել են կառավարական զորքերի գերված զինծառայողներին, որոնց հետ բավականին դաժան են վերաբերվում։

Human Rights Watch-ի ներկայացուցիչը ապստամբներին բացատրել է, որ եթե ձգտում են ստանալ միջազգային հանրության աջակցությունը, ապա պետք է վերջ տան նման գործողություններին:

Աննա Նեյստատը Սիրիայում եղել է հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 27-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG