Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 5-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ դեմ առ դեմ խոսակցություն է ծավալվել Հունգարիայի փոխվարչապետ Տիբոր Նաբրաչիչի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ: Դա տեղի է ունեցել լեհական Կրինիցա-Զդրույ քաղաքում բացված 22-րդ տնտեսական ֆորումի ընթացքում: Փաշինյանը մի քանի հարց է ուղղել Նավրաչիչին. «Ինչպ՞ես եք կայացրել Սաֆարովի արտահանձնման որոշումը, չէ՞ որ դուք չէիք կարող չիմանալ, որ հայ սպային սպանելուց հետո Սաֆարովին իր հայրենիքում պատվում էին ինչպես ազգային հերոսի, եւ նրա ներումը ավելի քան կանխատեսելի էր: Ինչո՞ւ էր անհնար Սաֆարովի պատժի հետագա կրումը Հունգարիայում», «Ի՞նչ կասեք լրատվամիջոցների այն հրապարակումների մասին, ըստ որոնց Ադրբեջանը վճարել է ձեզ` Սաֆարովին ազատելու համար», «Ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել, որպեսզի հունգարական դատարանի որոշումը հարգվի: Մտադի՞ր եք արդյոք Սաֆարովին բանտ վերադարձնելուն ուղղված քայլեր անել, օրինակ` նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել կամ ինչ-որ ուրիշ բան»: Ի պատասխան այս հարցաշարի` Նավրաչիչը ընդամենը երեք նախադասություն է արտաբերել. - «Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել միջազգային փաստաթղթերի հիման վրա: Ադրբեջանը երաշխիքներ էր տվել, որ նա ինչ-որ ժամանակ կմնա բանտում: Այդ Ադրբեջանին պետք է հարցնել, թե ինչու են ազատ արձակել նրան»:

«ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Երեւի թե որեւէ մեկի մոտ չկա կասկած, որ ռամիլսաֆարովյան աժիոտաժը, որ առաջացավ հայտնի իրադարձությունների արդյունքում, իր հետքն է թողնելու ոչ միայն տարածաշրջանային զարգացումների, այլ նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա: Ո՞ւմ նժարն է, ի վերջո, բարձրանալու, եւ ո՞ւմ նժարն է ծանրանալու: Եթե Հայաստանում բարձրանում է ռուսական նժարը, ապա դա ենթադրում է Սերժ Սարգսյանի նժարի ծանրացում, եւ չնայած Սարգսյանը ամենեւին հակառուսական դաշտ չէ, այնուհանդերձ Հայաստանի արեւմտյան աննախադեպ կուրսը կշարունակվի, եւ նախագահական ընտրություններում ոչ միայն նոմինալ առումով, այլ նաեւ ըստ էության կհաղթի Սերժ Սարգսյանը, ու Արեւմուտքը կարձանագրի հերթական տակտիկական հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ: Եթե ծանրանա ռուսական նժարը, ապա այստեղ արդեն չի բացառվում, որ իրադարձությունները կարող են ֆորս-մաժորային տարբերակով զարգանալ, եւ այդ պայմաններում շեշտակի կարող է աճել «Բարգավաճ Հայաստան»-ի դերը, որն իր հետ քարշ կտա Կոնգրեսին, եւ Սերժ Սարգսյանին կփորձեն դնել փաստի առաջ, իսկ հետո ԲՀԿ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը փաստի առաջ կդնեն Կոնգրեսին, որի համար արդեն ուշ կլինի երկրորդ անգամ գործարքի գնալ Սերժ Սարգսյանի հետ»:

«Առավոտ»-ը գրում է. - «ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ, «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախագիծ շրջանառության մեջ դնելու համար քաղաքական պահը դեռ չի հասունացել. - «Դրա տեղը շատ լավ գիտենք, շատ լավ կռահում ենք ինչի համար է, առավել եւս ամենամեծ ջատագովը մենք ենք եւ չենք էլ համարում, որ Ղարաբաղը մերը չէ: Նոր քաղաքական իրավիճակներ են ստեղծվում, ովքեր ցանկանում են որոշակի դիվիդենտներ հավաքել՝ տարբեր օրենքներ կարող են ներկայացնել, շատ լավ կլինի, նման դեպքերում խորհուրդ տաք, որ նման խնդիրները լուծելու համար նախ հարկավոր է քաղաքական մեծամասնության հետ խորհրդակցություններ անցկացնել»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանն անդրադառնում է պետության արժանապատվության խնդրին. - «Մի քանի օր առաջ, օրինակ, բռնեցին ու սիրիահայերի ինը հոգանոց ընտանիքին մի երկու օր կալանքի տակ պահեցին «Զվարթնոց» օդանավակայանում, ինչքան կարողացան` նվաստացրեցին, հետո էլ փողերը ձեռքներից առան ու արտաքսեցին Ստամբուլ: Լավ, ենթադրենք` «մաքուր հայեր» չէին, կիսով չափ էին հայ, բայց դրանից մեր պետության նկատմամբ հասարակության հարգանքն ավելացա՞վ: Որեւէ մեկը չասաց, չէ՞, «վայ, էս ինչ զգոն սահմանապահներ ունենք, տեսա՞ք, ոնց պաշտպանեցին մեր պետության սահմանները»: Բա որ այդքան զգոն էին, Վարդան Ղուկասյանի` իբր հետախուզման մեջ գտնվող որդին ո՞նց հատեց մեր երկրի սահմանը: Ալիեւը իր պետության հեղինակությունը իր քաղաքացիների աչքում բարձրացնելու համար 2-3 միլիարդ ծախսեց (կամ մի զրո պակաս, տվյալ դեպքում դա էական չէ)»:

«Ժողովուրդ»-ը մեկնաբանում է Սերժ Սարգսյանի` Գյումրիում երեկ արած հայտարարությունը. - «Տեսակետ կա, որ այդ հայտարարությամբ նա «փչացնում է» ԲՀԿ-ն` միտումնավոր կերպով զրկելով մանեւրելու հնարավորությունից: Բացի այդ, փորձում է նաեւ տպավորություն ստեղծել, որ իրենն է ոչ միայն Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն, այլեւ հենց ինքը` ԲՀԿ-ն: Մյուս կողմից էլ փորձում է ԲՀԿ-ին հստակ հասկացնել, որ նման քաղաքական իրադրությունում «կիսահղի» վիճակ չի լինում, ու ԲՀԿ-ն պետք է հստակ կողմնորոշվի իր անելիքների մեջ: Նկատենք, որ քանի դեռ ԲՀԿ-ն, կոալիցիա չմտնելով, մյուս կողմից հստակ ընդդիմադիր գործելաոճ չի ընդունել, բացի այդ, քանի դեռ հստակ դիրքորոշումը չի արտահայտել նախագահական ընտրությունների կապակցությամբ, ե’ւ իշխանությունը, ե’ւ ընդդիմությունը պայքարելու են այդ կուսակցության համար»: Մինչդեռ ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով Սամվել Բալասանյանի առաջադրման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թերթին ասել է. - «Մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին. Սամվել Բալասանյանին առաջադրել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG