Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցների արձագանքները «համարժեք չէին»


Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության համոզմամբ, Ադրբեջանի վարքագիծը հարցականի տակ է դնում նման պետության հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը: Այս մասին երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպանին ազատ արձակելու եւ նրան հերոսացնելու դեպքին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը լուրջ խնդիրների առջեւ չի կանգնի՞, եթե դուրս գա բանակցություններից, դաշնակցական պատգամավորն ասաց, թե նախ եւ առաջ այս հարցի շուրջ պետք է լուրջ քննարկումներ ծավալել` հասկանալու համար, թե ինչ կշահի կամ կկորցնի Հայաստանը:

«Այս իրավիճակում, երբ ակնհայտ է Ադրբեջանի վարքագիծը մոտեցումները, ատելությունը, պարբերաբար պատերազմի սպառնալիքները, ժամանակն է դա քննարկել: Վերջնական լուծում հնարավոր կլինի տալ միայն քննարկումից հետո, բայց որ քննարկել պետք է, դա ակնհայտ է», - ասաց Վարդանյանը:

Վարդանյանն ասում է, թե գաղտնիք չէ, որ հունգարա-ադրբեջանական գործարքը կայացել է Թուրքիայի ակտիվ աջակցությամբ եւ մասնակցությամբ, հետեւաբար պետք է անդրադառնալ նաեւ հայ-թուրքական «ծամոնի նման ձգվող» հարաբերություններին եւ արձանագրություններին:

Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանի գործողություններին` Դաշնակցություն խմբակցության քարտուղարը դրանք համարում է վճռական, սկզբունքային, պետության եւ ժողովրդի արժանապատվությունից բխող, բայց եւ այնպես ուշացած քայլեր:

«Հիմա մեր արտաքին գերատեսչությունը արդարանում է, թե մենք ահազանգ ունեինք եւ փորձում էինք ամեն կերպ կապվել, հարցնել, մեզ վստահեցնում էին, թե նման բան չկա, բացառված է, բայց կա երկու խնդիր. ուրեմն լավ չեք փորձել, ուրեմն այնքան ուժեղ չեք եղել, որ կարողանաք պարտադրել, որ ձեզ լսեն, եւ ի վերջո կարելի էր այս հայտարարությունները, ահազանգերը ոչ թե անել փակ դռների հետեւում, գնալ սպասել, թե Հունգարիայի արտգործնախարարությունը կընդունի ձեր դիվանագետին, այլ հրապարակային հանդես գալ մտահոգությամբ, ահազանգով: Այդ ժամանակ, ես կարծում եմ, կզգուշանար նաեւ Հունգարիայի իշխանությունը», - ասաց Վարդանյանը:

Միջազգային հանրության արձագանքի մասին խոսելով` դաշնակցական գործիչը հիշեցրեց, որ օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպանների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը` ընդգծել էր, որ Հայաստանը իր գործընկերներից ակնկալում է հստակ եւ միանշանակ գործողություններ:

Նախագահի այս հայտարարությունից հետո միջազգային կառույցների եւ մի քանի երկրների արձագանքը, Աղվան Վարդանյանի համոզմամբ, համարժեք չէին: Միջազգային կառույցների նման արձագանքի պատճառն, ըստ Վարդանյանի, այն է, որ նախ միջազգային հանրությունը միշտ առաջնորդվում է երկակի չափանիշներով, եւ բացի այդ պատճառը Հայաստանի արտաքին քաղաքականության թուլությունն է եւ ընդհանրապես միջազգային ասպարեզում Հայաստանի ազդեցության, կշռի նվազումը:

«Արձագանքները հիմնականում հետեւյալ բնույթի են` հանկարծ այս իրադարձությունների պատճառով բանակցային գործընթացը չտուժի, տարածաշրջանում սրումներ չլինեն եւ այլն: Այն արձագանքը, որ ակնկալում էր Հանրապետության նախագահը, ես չեմ տեսել: Երբ 30-35 երկրներից ընդամենը 2-3-ն են արձագանքում այս ժամանակահատվածում, սա եւս խոսում է մեր պետության ազդեցության, հեղինակության, կշռի մասին», - ասաց Վարդանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արտգործնախարարության այս բացթողումից հետո արդյոք Դաշնակցությունը չի պահանջելո՞ւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, Աղվան Վարդանյանն ասաց, թե սա ոչ միայն արտգործնախարարության կամ դիվանագիտության բացթողումն էր, այլ պետության մի քանի գերատեսչությունների խնդիրը: Բացի այդ, Դաշնակցություն խմբակցության քարտուղարի համոզմամբ, զուտ արտգործնախարարի հրաժարական պահանջելը օրակարգային խնդիր չէ, պետք է հասկանալ, թե Հայաստանը ինչ կարող է անել ստեղծված իրավիճակում:
XS
SM
MD
LG