Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. «Ի՞նչ պատահեց, որ Հունգարիան հավատաց Ադրբեջանի ստերին»


«Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր Երեւանի պետհամալսարանում ունեցած ելույթում անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ազատ արձակման հարցին։

«2004 թվականի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը», - ընդգծել է նախարարը։

«Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետեւողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, հերոսացնում էր մարդասպանին: Հիմա, ինչպե՞ս կարող է Հունգարիան ձեւացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին եւ գնացել նման կասկածելի քայլի», - ասել է Նալբանդյանը եւ շարունակել. - «Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի»:

«Տեղյակ լինելով Ադրբեջանի փորձերին, Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։

«Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ է առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երեւույթների հանդուրժումն է ձեւավորում սադամհուսեյնների»,- արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ընդգծել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG