Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ադրբեջանի քայլերն ուղղված են բանակցությունների տապալմանը


Հայաստան -- Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների համատեղ ասուլիսը Երեւանում, 4-ը սեպտեմբերի, 2012թ․

Հայաստան -- Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների համատեղ ասուլիսը Երեւանում, 4-ը սեպտեմբերի, 2012թ․

Հայաստանի արտգործնախարարի գնահատմամբ, մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը նման քայլերից մեկն է։

Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը եւ Սաֆարովի ազատ արձակումը արդեն իսկ շատ վատ ազդեցություն է թողել ղարաբաղյան բանակցությունների վրա: Այսօր Երեւանում Արգենտինայի արտգործնախարարի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է, որ Սաֆարովի դեպքի պատճառով Հայաստանը դուրս գա ղարաբաղյան բանակցություններից, արտգործնախարար Նալբանդյանն այսպես պատասխանեց․ - «Դեպքը արդեն շատ վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի վրա եւ ընդհանրապես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա։ Բայց փորձերը՝ դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, Հայաստանի կողմից չեն արվում՝ Ադրբեջանի կողմից են արվում։ Եվ այս գործարքն էլ ուղղված է հենց սրան։ Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահողների կողմից»։

«Դուք գիտեք մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել էին եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից` դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկների, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից»,- շարունակեց Էդվարդ Նալբանդյանը: - «Այն գործելաոճը, որը դրսեւորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով, նոր եւ նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձեւով ավելացնելով ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը: Միջազգային հանրությունը պետք է թույլ չտա Ադրբեջանին բանակցային գործընթացի քողի տակ շարունակել այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի եւ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության եւ կայունության համար»:

Վերջերս պատասխանելով թուրքական լրատվամիջոցներից մեկի` հարցին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե պաշտոնական Անկարան կցանկանար ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ստամբուլում բանակցություններ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

Այսօրվա ասուլիսին լրագրողներից մեկը Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում պաշտոնական Երեւանը Թուրքիայի նման` հնարավոր միջնորդությանը ղարաբաղյան հարցում:

«Ի՞նչ է նշանակում: Այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում մի շարք Ռուսաստանի քաղաքներում, սպասված արդյունքի չեն հանգեցրել որովհետեւ Ստամբուլու՞մ չէին կայանում: Թուրքական կողմից որեւէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են: Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբեւէ որեւէ դրական արդյունք չեն տվել, հակառակը», - պատասխանեց Հայաստանի արտգործնախարարը․ - «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որեւէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արգենտինայի արտգործնախարարների բանակցություններին, նշվեց, որ քննարկվել են աշխատանքները երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտը ընդլայնելու, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտակրթական փոխգործակցությունը ամրապնդելու ուղղությամբ։

Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանն ասաց, թե կարեւորվում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Հավելենք, որ երկու երկրների արտգործնախարարները համաձայնագիր ստորագրեցին սպորտի բնագավառում համագործակցության մասին:

XS
SM
MD
LG