Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ. «Ադրբեջանի որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերը»


«Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ։ 2006-ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպայի աներեւակայելի սպանության համար», - ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո խոսնակի սեպտեմբերի 3-ի հայտարարությունում, որը այսօր տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժինը։

«Ֆրանսիան, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին եւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի հաստատմանը», - հայտարարում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ հայրենիք ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG