Մատչելիության հղումներ

Արգենտինայի արտգործնախարարը ժամանեց Երեւան


Այսօր կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը, հիշեցնելով, որ այս տարի նշվում է հայ - արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, շարունակել է. - «Մենք կարեւորում ենք հայ - արգենտինական գործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է»։

Թիմերմանն ասել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ առավել բարձրացնել միջպետական գործակցության մակարդակը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտակրթական գործակցությունը։

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Հանդիպումից հետո Նալբանդյանը եւ Թիմերմանը ստորագրել են համաձայնագիր երկու երկրների միջեւ սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես եկել համատեղ ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG