Մատչելիության հղումներ

Դատախազությունը Բուդապեշտից ետ կանչեց իր աշխատակիցներին


Հայաստանի գլխավոր դատախազությունը ետ է կանչել Բուդապեշտում վերապատրաստման դասընթացների մասնակցող իր աշխատակիցներին:

Բուդապեշտի միջազգային իրավապահ ակադեմիայում «Թիվ 87 դասընթաց» ծրագրին մասնակցելու նպատակով օգոստոսի 18-ին Բուդապեշտ են մեկնել դատախազության երեք աշխատակիցներ, ովքեր մինչեւ հոկտեմբերի 11-ը պետք է ուսումնառություն անցնեին նշված ակադեմիայում: Սակայն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ընդհատվել է դատախազների մասնակցությունը նշված ծրագրին, եւ այսօր նրանք կվերադառնան Երեւան:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004 թվականի փետրվարի 19-ին ձերբակալված եւ 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության արտոնմամբ Ադրբեջանին արտահանձնելը, որին անմիջապես հաջորդեց Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելը, ոչ միայն առաջացրել է վրդովմունք եւ ցասում, այլ նաեւ` մտահոգություն՝ դասընթացներին հայազգի մասնակիցների անվտանգության համար, քանի որ ձեւավորում է այսօրինակ հանցագործությունների համար անպատժելիության մթնոլորտ, ստեղծում պարարտ հող` դրանց կրկնության համար, իր պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում նշում է Հայաստանի դատախազությունը` նման պայմաններում անհնարին համարելով իր աշխատակիցների մասնակցությունը Բուդապեշտում կազմակերպվող դասընթացներին:

Դատախազության աշխատակիցներին ետ կանչելու մասին Աղվան Հովսեփյանը երեկ գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին` նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից:

Բուդապեշտում վերապատրաստվող իր 10 աշխատակիցներին ետ կանչելու մասին երեկ հայտարարել էր նաեւ Հայաստանի ոստիկանությունը։

Հայաստանը օգոստոսի 31-ին կասեցրել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG