Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի նախագահի խոսնակը բանակցությունների սառեցում է կանխատեսում


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 23-ը փետրվարի, 2012թ.

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 23-ը փետրվարի, 2012թ.

«Պարզ է, որ գործընթացը մտել է փակուղի, շատ վատ իրավիճակ է ստեղծվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դավիթ Բաբայանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ազատ արձակման շուրջ ստեղծված իրավիճակում ղարաբաղյան բանակցությունների «ժամանակավոր սառեցում» է կանխատեսում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաբայանը կարծիք հայտնեց, որ այդ սառեցումը կարող է լինել ինքնաբերաբար` առանց որեւէ մի կողմից այդ մասին հայտարարելու։

«Պարզ է, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի, շատ վատ իրավիճակ է ստեղծվել: Հիմա ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեն համանախագահող երկրները, որպեսզի ինչ-որ ձեւով բանակցային գործընթացը շարժվի տեղից։ Հիմա ո՞նց պիտի մենք գնանք Ալիեւի հետ բանակցենք, դուք ո՞նց եք պատկերացնում դա, ինչի՞ մասին խոսենք. որ ինքն ասում է՝ բաց ենք թողնում այդ «հերոսին», մյուս քայլը լինելու է Ղարաբաղի գրավումը կամ ազատագրո՞ւմը», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի խոսնակը` շարունակելով. - «Այսինքն, ինչի՞ մասին պետք է խոսվի։ Դրա համար եմ ասում՝ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել»:

«Իմ կարծիքն այն է, որ երեւի բանակցային գործընթացը միառժամանակ լինելու է սառեցված իրավիճակում: Բանակցություններն ինքնին են սառեցվելու, ոչ թե՝ մեր պահանջով: Սա կլինի, թերեւս, ամենից լավ եւ ամենից արդյունավետ որոշումը ստեղծված իրավիճակում: Եվ Մինսկի խմբի համանախագահող երկրները ինձ թվում է նաեւ մեծ ջանքեր են գործադրելու, որպեսզի իրավիճակը գոնե լինի կայուն», - ասաց Բաբայանը։

«Անհրաժեշտ համարո՞ւմ եք, որ Հայաստանը հայտարարի բանակցությունները դադարեցնելու մասին», - այս հարցին Ղարաբաղի նախագահի խոսնակը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ պետք է բավականին ծանրակշիռ որոշում ընդունել, եւ քանի որ Հայաստանը պատասխանատու երկիր է, եթե նման որոշում ընդունվի, ապա պետք է համապատասխան բանակցություններ վարվեն ԵԱՀԿ-ի Մինսկի [խմբի] համանախագահող երկրների հետ, տարբեր այլ պետությունների հետ, որովհետեւ սա շատ պատասխանատու որոշում կարող է լինել: Եվ մենք չենք կարող Ադրբեջանի պես մեզ պահենք ոչ կառուցողական, ֆաշիստական կամ աննորմալ ձեւով: Մենք պիտի հաշվի առնենք նաեւ այդ բոլոր կառույցների, երկրների ներդրումը, վերջապես՝ նրանց կարծիքը այդ ամենի մասին»:

Ըստ Ղարաբաղի նախագահի խոսնակի` ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է հմուտ քաղաքականություն վարի եւ մեծ աշխատանք տանի միջազգային ատյաններում ճշմարտությունը ներկայացնելու եւ իրավիճակը հօգուտ իրեն օգտագործելու համար։

Նրա կարծիքով, նաեւ շատ կարեւոր կլինի ջանքերը համախմբել՝ մի շարք կազմակերպություններում Ադրբեջանի անդամակցությունը սառեցնելու համար. - «Օրինակ, պետությունը, որը ազատ է արձակում նման հանցագործին, ֆաշիստին, չի կարող լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, թեկուզ՝ ոչ մշտական անդամ. սա անհեթեթություն է։ Ուրեմն, պետք է աշխատել, դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի նրա անդամակցությունը սառեցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, եվրոպական տարբեր կառույցներում, եւ այլն»:

Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա, ըստ Ղարաբաղի նախագահի խոսնակի, «Հունգարիան ունի միայն մեկ ձեւ Հայաստանի հետ հարաբերությունները շտկելու եւ նորմալացնելու` դա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է»: «Եթե դա անի, կասենք` լավ, երեւի սխալվել է, բայց եթե պաշտոնական Բուդապեշտը դա չանի, նրա քաղաքականությունը կարող ենք նույնացնել ֆաշիստական եւ նացիստական քաղաքականության հետ», - հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG