Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 4-ի մամուլ


Վաղը բացվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի վերաբերյալ «168 ժամ»-ը գրում է. - «Արտահերթ նստաշրջանը դառնալու է բարձրագոչ հայրենասիրական ճառերի, կեղծ պաթոսի արտահայտման հերթական հարթակը, որտեղ ընտրություններից առաջ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ, թե որքան ազգային ու որքան պետականամետ է ինքը: Մինչդեռ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ԱԺ արտահերթ նիստն անցկացվեր ոչ թե բաց, այլ փակ ռեժիմով, եւ դրանում քաղաքական ուժերի ներկայացուցիչները` իսկապես վեր կանգնելով կուսակցական շահերից, ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլեր առաջարկեին, արտաքին քաղաքական զարգացումներում, մասնավորապես` ղարաբաղյան խնդրի հետ կապված, այս հարցը շահեկան դիրքերից ներկայացնելու «ներքին դերաբաշխում» կատարեին: Կարճ ասած, ԱԺ արտահերթ նիստը կարող էր ավելի լայն ձեւաչափով Ազգային անվտանգության խորհրդի նիստի գործառույթ կատարել, որից հետո, բնականաբար, կհրապարակվեր նաեւ այդ միասնական հայտարարությունը»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է պատգամավոր Արտակ Դավթյանի (ՀՀԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Առաջարկություններ են հնչում՝ բոյկոտել Մինսկի խմբի բանակցային գործընթացը, վերանայել մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի, Եվրամիության ծրագրերին եւ այլն։ Սա կարո՞ղ է օգնել գործին»։ Պատասխան. - «Կարծում եմ, դրանով որեւէ հարց չենք լուծի։ Ոտնահարված է մեր արժանապատվությունը, բայց դա միայն մեր խնդիրը չէ. յուրաքանչյուր գիտակից մարդ, որը կարողանում է վերլուծել փաստերը եւ գնահատականներ տալ, իր արժանապատվությունը պետք է ոտնահարված զգա, որովհետեւ հայազգի սպայի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ ազգի ներկայացուցիչ, որի երկիրը բռնել է ռասիզմը, ազգային անհանդուրժողականությունը, ազգամիջյան ատելության եւ թշնամանքի անթաքույց քարոզչությունը դատապարտելու ուղին»։

«ժողովուրդ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Արդեն քանի օր է, ազգովի չենք կարողանում դուրս գալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված շոկից: Մի կողմ թողնելով հարցի բարոյական եւ զգացմունքային կողմը` փորձենք հասկանալ այդ գործարքի քաղաքական շարժառիթներն ու հետեւանքները: Ակնհայտ է, որ Սաֆարովին արտահանձնելու մասին անխտիր բոլոր տերություններն առնվազն տեղեկացված են եղել, սակայն լռել են: Բնականաբար, ոչ ոք պարտավոր չէր մեր երկրի «ուղտի ականջում քնած» հատուկ ծառայությունների փոխարեն աշխատել: Ու այս ֆոնին հետաքրքիր է, որ որեւէ մեկը Հայաստանում չի ցանկանում բարձրաձայն քննադատել Ռուսաստանին: Մինչդեռ սա քաղաքականապես հարմար առիթ է` ցույց տալու Պուտինին, որ իր ներկայացրած նախագծերին Հայաստանը չի միանալու, եթե պիտի նա ճակատագրական պահերին «բռնի Ադրբեջանի պոչը» կամ իր անտարբերությամբ նպաստի տարածաշրջանում ատելության խորացմանը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի («Բարգավաճ Հայաստան») հետ: Լրագրողը հարցնում է. - «Առջեւում լրջագույն քաղաքական պրոցեսներ են: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում այս պահին տիրող իրավիճակը»: Պատասխան. - «Այս պահին որեւէ քաղաքական հատուկ լարվածություն չկա, սակայն, կարծում եմ, աշնանից քաղաքական պրոցեսները կմտնեն առավել ակտիվ փուլ, քանզի առջեւում նախագահական ընտրություններ են: Թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն, այս պահին դժվար է կանխատեսել, բայց ես չեմ բացառում անգամ բավականին անսպասելի զարգացումներ եւ այս պահին անիրականանալի թվացող քաղաքական անակնկալներ: Եվ դա բնական է, քանզի, կրկնում եմ, առջեւում նախագահական ընտրություններ են, եւ ընտրություններին այս կամ այն կերպ մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժերը արդեն առաջիկա ամիսներին պիտի ճշգրտեն իրենց դիրքորոշումը: Ես հասկանում եմ, որ նախագահական ընտրություններին ընդառաջ թիվ մեկ ինտրիգը «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումն է, սակայն մեր պատասխանը այս պահին մնում է նույնը` «այդ մասին հաջորդ դասին»»:

«Ժամանակ» թերթի թղթակիցը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին հարցնում է. - «Նախընտրական այս շրջանում ինչպե՞ս եք գնահատում արտաքին քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա»: Պատասխան. - «Հայաստանը մեծ կախվածության մեջ է արտաքին քաղաքական, տնտեսական ազդակներից: Աշխարհաքաղաքականությունն է որոշում Հայաստանում ստատուս քվոյի պահպանությունը կամ փոփոխությունը: Մենք պիտի չափավոր համագործակցենք ե’ւ Ռուսաստանի, ե’ւ Արեւմուտքի հետ, մենք պետք է մեր շահը տեսնենք»: Հարց. - «Դուք ամենակազմակերպված եւ առանցքային ուժն էիք, որ դուրս եկաք Հայ ազգային կոնգրեսից: Ի՞նչ ծրագրեր ունեք»: Պատասխան. - «Հանրապետություն կուսակցությունը ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու առաջիկա նախագահական ընտրություններին: Ես համոզված եմ, որ 2013թ. Հայաստանում եւ 2014թ. Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները բերելու են փոփոխություններ: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանում փոփոխություններ տեղի ունենան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG