Մատչելիության հղումներ

logo-print

«Հունգարիայի համար սա իրավական ընթացակարգ է»


Հայաստան - Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման դեմ բողոքի ցույց Երեւանում Հունգարիայի պատվո հյուպատոսության դիմաց, 1-ը սեպտեմբերի, 2012թ.

Հայաստան - Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման դեմ բողոքի ցույց Երեւանում Հունգարիայի պատվո հյուպատոսության դիմաց, 1-ը սեպտեմբերի, 2012թ.

«Հանգուցալուծումը, իհարկե, ցնցող էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի հունգարացի պատգամավորը։

Եվրախորհրդարանի հունգարացի պատգամավոր, Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ Գեորգե Շյուփլինը, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցին, Ստրասբուրգում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Ջոզվյակին ասել է, թե բարդ խնդիր է` հաշվի առնելով դրա քաղաքական եւ իրավական գործոնները։

«Որքան ես հասկանում եմ, հունգարական կողմը ենթադրել է, որ սա իրավական գործընթաց է, կան այն կարգավորող բազում միջազգային համաձայնագրեր, այդ թվում Եվրոպայի խորհրդի համաձայնագիրը` հայրենիք վերադարձնել հանցագործին, որ նա այնտեղ կրի պատիժը», - ասել է Շյուփլինը։

Նրա խոսքերով` Հունգարիան Ադրբեջանից համապատասխան հավաստիացումներ է ստացել, որ «կապիտան Սաֆարովը կշարունակի պատիժը կրել Ադրբեջանում»։

Շյուփլինը ասում է, թե Հունգարիան ենթադրել է, որ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս ընտրված պետություն, որպես երկիր, որն ունի Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումներ, Եվրոպայի խորհրդի անդամ` «Ադրբեջանը կվարվի այնպես, ինչպես կվարվեր նորմալ եվրոպական երկիրը»։

«Այդ առումով հանգուցալուծումը, իհարկե, ցնցող էր», - ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

«Դրանից զատ, մենք տեսնում ենք նաեւ հայկական լոբբիի ակտիվությունը։ Մենք գիտենք, որ լոբբին բավական հզոր է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Եվ հիմա հայկական լոբբին ամեն ինչ անում է` շեղելու ուշադրությունն այն հանգամանքից, որ հայերը գրավել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», - ասել է Շյուփլինը։

«Սա նրանց համար հրաշալի առիթ է։ Հիմա նրանք կարող են ասել. տեսեք` Հունգարիան ազատ է արձակել այս սարսափելի մարդասպանին։ Այդպիսով նրանք շեղում են ուշադրությունն իրենց խնդրից», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Գեորգե Շյուփլինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG