Մատչելիության հղումներ

Խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի Սաֆարովի էքստրադիցիայի հարցով


Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Նիստը կգումարվի չորեքշաբթի օրը:

Այս առիթով այսօր Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, բոլոր խմբակցությունները միաձայն հավանության են արժանացրել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը:

Ուրբաթ օրը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարելով Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին` նախագահ Սերժ Սարգսյանն էր անհրաժեշտ համարել, որպեսզի հարցը նաեւ Ազգային ժողովը քննարկի:

Շարմազանովը փոխանցեց, որ քննարկման արդյունքում խորհրդարանը կարտահայտի իր միասնական դիրքորոշումը Հունգարիայի հետ հարաբերությունները դադարեցնելու, ինչպես նաեւ հետագա գործընթացների առնչությամբ:

Հարցին, թե հնարավո՞ր է խորհրդարանը առաջարկի հրաժարվելՂարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից, խորհրդարանի փոխխոսնակը պատասխանեց, որ կոնկրետ իշխող Հանրապետական կուսակցությունում բանակցություններից հրաժարվելու հարց չի քննարկվել: Սակայն Շարմազանովը կարծում է, որ հայկական կողմը պետք է օգտագործի իրավիճակը՝ միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանին զիջումներ պարտադրելու համար, որի արդյունքներից մեկը կարող է լինել Ղարաբաղին բանակցային գործընթացում ընդգրկելը:

«Կուսակցությունում լրջորեն քննարկվում է այն հարցը, որ այս ամենը անհետեւանք մնալ չի կարող, եւ այս ամենի ընթացքում մենք ամեն ինչ պետք է անեն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա բանակցությունների լիարժեք կողմ եւ հետեւանքը պետք է լինի այն, որ մենք պետք է արագացնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը», - ասաց Շարմազանովը:

Հարցին, թե հնարավոր համարում են, որ Հայաստանը ստեղծված նոր իրավիճակում ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Շարմազանովը պատասխանեց. - «Եթե Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումը կլինի այն միակ ճանապարհը, որը կտանի դեպի միջազգային ճանաչում, այստեղ մենք որեւէ խնդիր չենք տեսել. բայց մենք չպետք է գնանք ժամանակավրեպ քայլերի, չպետք է գնանք քայլերի, որոնք կվնասեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, չպետք է տուրք տանք զգացմունքային արտահայտություններին, որովհետեւ անհրաժեշտ է սառը դատողություն»:

Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւս համաձայն չէ ղարաբաղյան բանակցային գործընթացն ընդհատելուն: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ դա կլինի «ծայրահեղ քայլ», որի հետեւանքները «բոլորս գիտենք», բայց, ըստ Զոհրաբյանի, պետք է միջազգային ատյաններում արվի հնարավորը` Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ենթակայության մասին այլեւս որեւէ խոսակցություն բացառելու համար:

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը փոխանցեց, որ իրենք անիմաստ են համարում առանց Ղարաբաղի մասնակցության այլեւս որեւէ բանակցություն:

«Ադրբեջանի մոտեցումները շատ հստակ են` սպանությունը միակ ձեւն է, որը ոգեւորում է իրենց հասարակությանը եւ քաղաքական մղում է առաջացնում: Եթե այդպես է, ուրեմն առանց Ղարաբաղի, ես կարծում եմ, որեւէ բանակցություն այլեւս իմաստ չունի: Հայաստանը պետք է արագորեն անդրադառնա իր հարաբերությունները Ղարաբաղի հետ նոր մակարդակի բարձրացնելուն, այսինքն պաշտոնական երաշխավորողի դեր ստանձնի: Հիմա դա ամբողջ աշխարհը կհասկանա, որովհետեւ մարդիկ տեսան, որ մարդասպանին Ադրբեջանում դարձնում են ազգային հերոս, եւ նոր ագրեսիա թույլ չտալու Հայաստանի քայլերի մասին հստակ պետք է ասվի», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ ՀԱԿ-ը բանակցություններն ընդհատելու անհրաժեշտություն չի տեսնում եւ հավատարիմ է նախօրեին տարածած հայտարարությանը, որով ՀԱԿ-ը կատարվածի համար առաջ էր քաշել Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG