Մատչելիության հղումներ

Թբիլիսի. «Դաղստանի հետ սահմանին զոհվածների թվում եղել են Վրաստանի քաղաքացիներ»


Պանկիսի կիրճ. զոհված զինյալների թաղման արարողությունից առաջ:
Պանկիսի կիրճ. զոհված զինյալների թաղման արարողությունից առաջ:
Պաշտոնական Թբիլիսին այսօր հաստատել է, որ անցած շաբաթ վրաց-ռուսական սահմանագծին տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհված զինյալներից առնվազն 2-ը Վրաստանի քաղաքացիներ էին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն, զոհվածներից 22-ամյա Ասլան Մարգոշվիլին եւ 26-ամյա Բագաուտդին Քավթարաշվիլին վրացախոս չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճի բնակիչներ էին:

Այն, որ Դաղստանի հետ սահմանին տեղի ունեցած ընդհարմանը մասնակցել են նաեւ Վրաստանի քաղաքացիներ, պարզ դարձավ անցած շաբաթավերջին միանգամայն պատահականորեն: GNS լրատվական գործակալության թղթակիցը նախընտրական ռեպորտաժ պատրաստելու նպատակով այցելել էր Պանկիսի կիրճ եւ ականատեսը դարձել, թե ինչպես են այստեղ խոսում զոհված համագյուղացիների մասին:

Շաբաթ օրը, սակայն, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքեց այս տեղեկությունը: Երկու օր անց արդեն վրաց իրավապահները ստիպված էին հերքել սեփական պնդումները` հավելելով սակայն, որ ոչնչացված խմբի անդամների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին` հիմնականում չեչեններ:

Վերջին երկու օրերին Պանկիսի կիրճում էր գտնվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հայազգի թղթակցի Օլեսյա Վարդանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նա նշեց, որ սահմանային ընդհարումների ժամանակ զոհված Վրաստանի քաղաքացիների խնդիրը պատված է գաղտնիության քողով:

«Առավոտյան ժամը հինգին` խախտելով բոլոր տեղական սովորույթները, հորդառատ անձրեւի տակ այդ մարդկանց հանձնեցին հողին: Ընտանիքի անդամները հուղարկավորությանը չէին մասնակցում: Միայն առավոտյան կողմ զոհերի հարազատներին տեղյակ պահեցին, որ այդ երիտասարդների հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել», - ասաց Վարդանյանը:

Այս ամենը փաստորեն կասկածի տակ է դնում վրացական իշխանությունների նախնական վարկածը:

«Սկզբում նախագահ Սահակաշվիլին հայտարարում էր, որ այդ զինյալները ուղարկվել են Ռուսաստանից եւ այդպիսով փորձ է արվում ստուգել վրացական կողմի մարտունակությունը: Այժմ, սակայն, հստակ չէ` ի վերջո այդ խումբը անցնում էր Վրաստանից Դաղստա՞ն, թե՞ հակառակը: Եվ եթե անցումն իրականացվում էր Վրաստանի կողմից, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք փորձում էին օգտագործել Վրաստանի տարածքը` Ռուսաստանում ահաբեկչական գործողություն իրականցելու նպատակով», - նշում է հայազգի լրագրողը` արձանագրելով, որ վրաց իրավապահներն առայժմ հստակ բացատրությամբ հանդես չեն եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG