Մատչելիության հղումներ

Ճանապարհային երթեւեկության մասին կոնվենցիայի պահանջով Հայաստանում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի համար սահմանված են լատինական այբուբենի մեծատառերը: Այսօր գործածության մեջ է լատինական այբուբենի 13 տառ: Լատինական այբուբենի տառերով համարանիշները թույլ են տալիս Հայաստանի վարորդներին առանց խոչընդոտների մասնակցել նաեւ միջազգային երթեւեկությանը, այլ կերպ ասած հայաստանյան համարանիշերով երթեւեկել նաեւ արտերկրում:

Սակայն բացի լատինական այբուբենի տառերից հայաստանյան համարանիշերում գործածվում է նաեւ հայոց այբուբենի «ո» տառը: Բացի ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներից, «ո» տառով համարանիշներ կան նաեւ այսպես կոչված սեփական ավտոմեքենաների թվում: Դրանց վարորդներից ոմանք պատմեցին, որ Վրաստան մեկնելիս սահմանին խնդիրներ են ունեցել:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախկինում Վրաստանում նման խնդիր իսկապես եղել է, սակայն այն այժմ լուծվել է:

«Արտաքին գերատեսչական միջամտությունների հետեւանքով այդ հարցը արագ հարթվեց եւ այսօր այդ «ո» տառը միջազգային ճանապարհային երթեւեկությանը մասնակցելու դեպքում համարում են փոքրատառ «էն» եւ ազատ թույլ են տալիս երթեւեկել նման տառով», - ասաց Տոնոյանը:

Դեռ 2010 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ, ի թիվս լատինական այբուբենի այլ տառերի, համարանիշների համար գործածության մեջ դրվեց նաեւ լատինական այբուբենի մեծատառ «N» տառը:

«Հայկական այբուբենի «ո» տառի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում սահմանափակումներ չկան, այդ «ո»-ով համարանիշները կարող են օգտագործել ցանկացած ժամանակ եւ անսահմանափակ ժամանակահատվածով», - պարզաբանեց Տոնոյանը:

Այդուհանդերձ, խնդիրներից խուսափելու համար ճանապարհային ոստիկանությունը ցանկալի է համարում, որ «ո» տառով համարանիշեր ունեցող վարորդները դիմեն իրենց եւ այն փոխեն լատինական այբուբենի մեծատառ «N» տառով:

«Մեքենայի տերը դիմում է Հայաստանի ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում եւ կատարվում է համապատասխան փոփոխությունը: Ներկայացվում է վճարման փաստը հավաստող անդորրագիր` պետական տուրք 6000 դրամ եւ 12 հազար դրամ համարանիշի համար», - ասաց Տոնոյանը. - «Սա հավելյալ վճարում չի կարելի համարել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում երթեւեկելու համար սահմանափակում չկա, անսահմանափակ ժամկետով նա կարող է երթեւեկել Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Այսօր արդեն համարանիշերի ընտրությունը ազատ է: Բացի հերթական համարանիշից, քաղաքացին կարող է վճարել եւ ստանալ իր համար ցանկալի տառերի ու թվերի կոմբինացիաներով համարանիշ: Նման համարանիշերի արժեքը 60 հազարից մինչեւ 5 միլիոն դրամ է: Ըստ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի, միայն վերջին շրջանում գնվել է 2 տասնյակից ավելի 5 միլիոն դրամանոց համարանիշ: Ի դեպ, նույն թվերով համարանիշից տարբեր տառերի կոմբինացիաներով հանդիպում է 169 հատ:
XS
SM
MD
LG