Մատչելիության հղումներ

logo-print
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախաձեռնությամբ օգոստոսի 7–ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում կբացվի նոր մոդելով դասարան. այն կկոչվի ստեղծագործարան:

«Երեխաներին դպրոց պետք է կանչի ոչ թե զանգը, այլ դպրոցական միջավայրը», - այսպես է կարծում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Նոր դասասենյակը` ստեղծագործարանը, մեծ տարածք զբաղեցնող լուսավոր սենյակ է, որտեղ հատուկ կահույքը հնարավորություն է տալիս աշակերտներին կատարել ինչպես անհատական աշխատանք, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով: 40-50 աշակերտների համար նախատեսված նստարաններն ու սեղանները շարժական կլինեն. ցանկության դեպքում հնարավորություն կլինի սեղանները միացնել կամ անջատել իրարից: Դասասենյակը կունենա նաեւ բաժանիչ պատ, որը հնարավորություն կտա այն բաժանել երկու մասի եւ միանգամից երկու մասերում աշխատել: Դասասենյակը կունենա նաեւ 16 նոր համակարգիչ: Իսկ պատերին կլինեն ժամանակակից կահավորված գրադարակներ, աֆորիզմներով եւ ուղերձներով վառ ու գունավոր ցուցապաստառներ:

Հիմնադրամի տնօրենի խոսքով` այսպիսի դասասենյակ ստեղծելու համար ծախսվել է մոտավորապես 20.000 ԱՄՆ դոլար: Այս սենյակի կահույքը ամբողջությամբ պատրաստված է հարեւան Քարակերտ գյուղի արտադրամասում: Այս քայլով էլ նախատեսված է զարգացնել տեղական տնտեսությունը:

«Մի ցավալի պարադոքս կա մեր կյանքում», - ասում է Սերոբ Խաչատրյանը. - «Մինչեւ դպրոց գնալը երեխաներին սովորեցնում ենք քայլել եւ խոսել, իսկ դպրոցում հակառակը` նստել եւ լսել»: Նրա խոսքով, այսօրվա սերունդը չի սիրում միապաղաղ եւ միօրինակ դասեր:

«Այսպիսի սենյակ ունենալու գաղափարը եկել է տեղի ուսուցիչներից», - նշեց Խաչատրյանը:

Սակայն նոր դասարանային պայմանները պահանջում են նոր մոտեցումներ: Սերոբ Խաչատրյանը հավելեց, որ վերջին տարիներին տարբեր սեմինարների շրջանակներում ուսուցիչներին սովորեցրել են ինտերակտիվ, համագործակցային ուսուցման մեթոդներ:

Լեռնագոգ գյուղի Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կորյուն Մակարյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցի բոլոր ուսուցիչները վերջին երեք տարիների ընթացքում պարբերաբար վերապատրաստվել են, ուստի, նրա կարծիքով, դասավանդման հետ կապված խնդիրներ չի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG