Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին վարչապետը դեմ է Հայաստանը դեպի Մաքսային միություն տանող պայմանագրի վավերացմանը


Ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում:

Ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում:

Ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կտրականապես դեմ է անցած տարի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ տարածքում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացմանը:

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության անդամը համոզված է, որ գալիք շաբաթ խորհրդարանի վավերացմանը ներկայացվելիք այդ պայմանագիրը դեմ է Հայաստանի շահերին եւ մեր երկիրը տանում է դեպի Ռուսաստանի գլխավորությամբ գործող Մաքսային միություն:

«Պարզվում է, որ Հայաստանին, բացի ծխախոտից, գրեթե ոչ մի բացառության անհրաժեշտություն չի եղել: Ստորագրելով ազատ առեւտրի պայմանագիր` պետք անդրադառնային այն հարցին, թե ինչպիսի բացառություններ կան: Օրինակ, Հայաստանը ազատ առեւտուր է անում բոլորի հետ, բացի մի կետից. բացառություն է անում` ծխախոտի ներմուծումից: Սա էլ արվել է ինչ-որ օլիգարխի խաթեր», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր պարզաբանեց Բագրատյանը` շարունակելով. - «Բայց պարզվում է, որ այդպիսի բացառություններ, օրինակ, Ռուսաստանը կամ Ուկրաինան, ունեն հարյուրներ»:

«Կան արտահանման բացառություններ, կան ներմուծման: Եթե արտահանում ենք Ռուսաստան, միեւնույն է մաքսատուրք ենք մուծում: Այսինքն` կարծես թե ազատ առեւտուրը ստորագրում ենք, բայց ազատ չի… Պայմանագրով Ռուսաստանը (կամ Ուկրաինան, կամ Ղազախստանը, կամ Բելառուսը) խոսք է տալիս 2, 3 կամ 4 տարում այդ բացառությունները մեր նկատմամբ վերացնել: Ես ուզում եմ հասկանալ. պայմանագիրը ստորագրելով` մենք անմիջապես բացում ենք սահմանները, բայց շարունակելու ենք երկու-երեք տարի Ղազախստանին կամ Ռուսաստանին մուծել այն բացառությունները, որ նրանք ունեն: Ինչի՞ համար», - տարակուսեց պատգամավորը:

Հայաստանի նախկին վարչապետի խոսքով, չնայած պայմանագիրը կոչվում է ազատ առեւտրի գոտու մասին, սակայն իրականում այնտեղ արտացոլված են ապագայում ողջ ԱՊՀ տարածքում մաքսային միության ձեւավորման սկզբունքները. - «Հստակ գրված են կետեր ապագա Մաքսային միության սկզբունքների մասին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ինքը մտավախություն ունի, որ խնդրո առարկա պայմանագիրը միջանկյալ քայլ է դեպի Մաքսային միություն, Հրանտ Բագրատյանն արձագանքեց. - «Ոչ թե մտավախություն ունեմ, այլ պայմանագրում այդպես էլ ասվում է, որ հաջորդը կլինի Մաքսային միությունը»:

Պետերբուրգում ստորագրված փաստաթղթի նախապատրաստական աշխատանքներին հայկական կողմից մասնակցել է նաեւ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով Բագրատյանի հայտարարություններին` ասաց. - «Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում, այո, կան հանումներ: Հայաստանի ծագում ունեցող ապրանքների համար որեւէ ստորագրող կողմ որեւէ հանում չի կատարել: Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հայկական ծագում ունեցող ապրանքները առանց որեւէ բացառության արտահանվելու են առանց մաքսատուրքերի եւ ներմուծվելու են այդ երկրներից առանց մաքսատուրքերի»:

Փոխնախարարը արձագանքեց նաեւ Մաքսային միության վերաբերյալ Բագրատյանի պնդումներին` ասելով. - «Այո, առեւտուրը դա մի աստիճան է, որը մաքսային միություն կազմող երկրները սովորաբար անցնում են: Բայց ազատ առեւտուր կնքել, դա դեռեւս չի նշանակում, որ անպայմանորեն դու պիտի հաջորդ քայլն իրականացնես եւ անցնես մաքսային միություն»:

Անցած տարվա հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ ութ երկրներ (այդ թվում Հայաստանը) ստորագրեցին ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր: Փաստաթուղթը հրաժարվեցին ստորագրել Ադրբեջանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը:

Նշենք, որ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փորձը արվել է դեռ 1994-ին: Այն ժամանակ նույնպես ստորագրվեց մի պայմանագիր, սակայն այն չվավերացվեց ԱՊՀ անդամ երկրների` այդ թվում Ռուսաստանի կողմից:

Սանկտ-պետերբուրգյան պայմանավորվածությունն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը, որովհետեւ պայմանագրի ստրագրումը հետեւեց Ռուսաստանի այն ժամանակվա վարչապետ, այժմ նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակմանը «Իզվեստիա» թերթում: Պուտինը գրել էր, թե մտադիր է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մասնակցությամբ գործող Մաքսային միության եւ Միացյալ տնտեսական տարածության հիման վրա ստեղծել Եվրասիական միություն եւ այն դարձնել «ժամանակակից աշխարհի բեւեռներից մեկը»:

Մոտ երկու ամիս առաջ Պուտինը հայտարարեց, թե Եվրասիական միությունը կսկսի գործել արդեն 2013 թվականին:

Արեւմուտքում չուշացան գնահատականները, թե Կրեմլում փորձում են վերստեղծել Խորհրդային Միությունը:
XS
SM
MD
LG